Եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությո՞ւն, թե՞ ցեղասպանություն

«Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» օրենքի նախագծի՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, թե նախագիծը դեռ մի փոքր էլ ուշացած է, և ՀՀ խորհրդարանը  պետք է այս խնդրին անդրադարձ կատարեր:

Նա հիմնական զեկուցող, ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին հարցրեց, թե ինչու թվային հիմնավորում չի ներկայացվել: «Նման փաստաթղթում պարտադիր է ժամանակաշրջանը նշվի, ոճրագործություններից բացի, նաև թվային տվյալներ բերվի և ցույց տրվի թվաքանակը»,-ասաց նա:

Մախմուդյանը նշեց, թե անձանց քանակի մասին մատնանշելը միջազգային իրավական փաստաթղթերի տրամաբանությունից չի բխում: «Հիմա այս պահին տվյալներ կան, որ դեռ 5000 կանայք գտնվում են գերությունում, և չի բացառվում երկու ամիս հետո էլ մեկ եղբայրական գերեզման էլ հայտնաբերվի և 100 զոհեր այդտեղ լինեն. այդ թվաքանակը կկաշկանդի այդ անձանց իրավունքն իրենց շահերն ու իրավունքները պաշտպանելու»,-ասաց նա:

Թորոսյանը նշեց, թե կարող են նշել այս պահի դրությամբ, քանի որ ամբողջական հստակեցված չեն:

Նախագծի համահեղինակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին անհանգստացնում էր նախագծի անվանումը: «Որքանո՞վ է նպատակահարմար, որ կիրառում ենք «ցեղասպան գործողություններ» եզրույթը: Տպավորություն է ստեղծվում, որ դա ոչ թե ցեղասպանությունն է, այլ ցեղասպանության տարրեր պարունակող գործողություններ»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ եթե մենք ուզում ենք դատապարտենք ցեղասպանությունն իր ամբողջությամբ, ճիշտ կլինի կիրառել «ցեղասպանություն» եզրույթը և ասել, որ եզդի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունն ենք դատապարտում:

«Հասկանում եմ՝ այս եզրույթը անգլերենից «ակտ գենոցիդ»-ի թարգմանությունն է, բայց ճիշտ չի հնչում, պետք է կիրառենք «ցեղասպանություն» տերմինը»,- ասաց Ռուստամյանը:

Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ կիսում է Ռուստամյանի կարծիքը: ««Ցեղասպան գործողությունը» և «ցեղասպանություն» եզրույթը միջազգային իրավունքի տեսանկյունից նույն բանն են: Իմ պատկերացմամբ էլ «ցեղասպան գործողություններ» և «ցեղասպանություն» եզրույթների միջև տարբերություն չկա»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ և համահեղինակ Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ հասկանում է Ռուստամյանի դիտարկումը: «Խնդիրը հետևյալն է` «ցեղասպանություն» եզրույթը կարելի է օգտագործել այն դեպքում, երբ այն արվել է պետության կողմից, իսկ այս դեպքում պետություն չէ, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից արված է, իսկ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելն ավելի հստակ է լինում, եթե կատարվում է պետության կողմից: «Ցեղասպան գործողություն» արտահայտությունը գիտական տերմին է, հիմա մենք ճանաչում ենք «ցեղասպան գործողությունը», իսկ «ցեղասպան գործողություններից» յուրաքանչյուրը ցեղասպանություն է, այսինքն, «ցեղասպան գործողություն» ճանաչելով` ճանաչում ենք ցեղասպանությունը»,- ասաց Աշոտյանը:

Ըստ նրա՝ եթե «ցեղասպանություն» տերմինը օգտագործեն, կստացվի, որ պետականության որոշակի ատրիբուտիկայով են նշում ահաբեկչական խմբավորմանը, թեպետ բացասական ֆոնի մեջ:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache