ԵԱՏՄ -ում միասնական դրամական միավորի ներդրում հնարավոր է 2025 թ-ից. Օրեշկին

Եվրասիական տնտեսական միությունում հնարավոր է միասնական դրամական միավոր ներդրվի 2025 թվականից հետո: rns.online-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:

Նա նշել է, որ այստեղ խնդիրն Եվրասիական Տնտեսական Ընկերակցությունում (ԵվրԱզԷՍ) է. այն ենթադրում է բոլոր հարցերի ամբողջական ներդաշնակ կարգավորում՝ ապրանքներ, ծառայություններ, այդ թվում նաև՝ ֆինանսական ծառայությունները, բանկային համակարգ:

«Միայն ամենավերջին էտապում է հնարավոր ստեղծել միասնական դրամական միավոր, հեռանկարը՝ 2025 թվականից հետո»,- ասել է Օրեշկինը:

Նա ընդգծել է, որ այս էտապում միության տարածքում միասնական դրամական միավորի ներդրման մասին խոսք չի գնում: Նախարարի խոսքով, եվրոպական երկրների փորձը ցույց է տվել, որ միասնական դրամական միավորումի ներդրումն առանց միասնական շուկա ստեղծելու և կարգավորելու հանգեցնում է տնտեսական անհավասարակշռության և ճգնաժամի:

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելի վաղ ասել էր, որ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ-ում միասնական դրամական միավորի մասին խոսակցություներ չեն լինելու. «Դրանից հետո պիտի նայենք այն իրավիճակը, որում կգտնվեն ԵԱՏՄ պետությունները, ապա նոր հնարավոր է սկսեն քննարկել այդ հարցը: Այս պահին ոչ թե պատրաստ չենք, այլ մոտ ապագայում՝ 15-20 տարվա կտրվածքով, այդ մասին խոսք լինել չի կարող: Հայաստանի դիրքորոշումն էլ շատ կոշտ է:»:

Նշենք նաև, որ Հայաստանում ներդրվելու են նոր տիպի թղթադրամներ, ԿԲ -ն արդեն հաստատել է ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին, ու եթե 25 թվից անցում լինի ԵԱՏՄ միասնական դրամական միավորի, ապա կստացվի, որ նոր թղթադրամներ տպվում են ընդամենը յոթ տարվա համար:

Աղբյուր` Panorama.am

 


Այս թեմայով