ԵԱՏՄ-ն մեր տնտեսական զարգացման համար հսկայական հնարավորություններ է բացել. Փաշինյան

Հուլիսի 11-ին Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի և այնտեղ հնչեցրած մտքերի մասին Հայաստանում ակտիվ քննարկումներ չեն գնում: Այստեղ ավելի շատ քննարկվում է վարչապետ Փաշինյանի այցը նկարագրող լուսանկարները և Փաշինյանի արած հումորը` Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ավարտին, սակայն վարչապետի Բրյուսելի այցը բավական հագեցած էր և բովանդակային քննարկման նյութ շատ կա: Առայժմ փորձենք հասկանալ Բրյուսելում ու՞մ հանդիպեց և ի՞նչ խոսեց վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը Բրյուսելում հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Այս հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը կարևորել էր ԵՄ դերը Հայաստանի կյանքում, իսկ Ֆեդերիկա Մոգերինին վստահեցրել էր, որ նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին Հայաստանի կառավարությունը կարող է ԵՄ վրա հենվել ու ակնկալել կառույցի օժանդակությունը:

Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում խոսել է նաև Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին: Վարչապետը «Կարնեգի  Եվրոպա» հետազոտական կենտրոնում ունեցած իր ելույթում կարևորել է ԵԱՏՄ դերը և ընդգծել.«Մեր աշխարհագրական դիրքը, խորը գիտելիքներով և միջմշակութային կապերով օժտված  մարդկային ռեսուրսները, հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը երկրի մրցունակության հատկանիշներն են, և մեր հասարակությունն ինձ վստահություն է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ենք, որը մեր տնտեսական զարգացման համար հսկայական հնարավորություններ է բացել: Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար»:

Այս մասով վարչապետ Փաշինյանը կարծես շարունակում է պահպանել զգուշավորություն: Նա փորձում է անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին «խանդելու» պատճառ չունենա՝ ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերությունների մասով:

Բրյուսելում վարչապետ Փաշինյանը հանդիպեց նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնին: Ֆրանսիայի հետ հարաբերությունների մասով երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց մոտեցումները և պատրաստակամություն հայտնեցին շարունակել հարաբերությունների խորացումը:

Այս թեմայով