ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ

29844ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովը, Միացյալ Նահանգներից Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից Պիեռ Անդրյոն, ԵԱՀԿ գործող նախագահ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ տարածաշրջանում են գտնվել հոկտեմբերի 26-28-ին, ինչի արդյունքներով էլ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

 

Այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։

 

Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են համանախագահների հովանու ներքո մինչև տարեվերջ գագաթաժողով անցկացնելու հանձնառությունը՝  ԼՂ խնդրի կարգավորման հիմնական բաղադրիչներն ու այլ հարցեր քննարկելու նպատակով։

 

«Մենք խոսել ենք նախագահների հետ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով բռնության վտանգների մասին։ Ծանր սպառազինության օգտագործումը, ինչպես ականանետներն են և հրթիռային կայանները, անընդունելի է և լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։ Մենք խորապես ցավում ենք զոհերի և անմեղ քաղաքացիների շրջանում կորուստների համար, և հուսով ենք, որ կողմերը կձեռնարկեն ամեն քայլ բռնությունից խուսափելու համար: Մենք ներկայացրել ենք առկա առաջարկները, որոնք նախատեսված են անվտանգության իրավիճակը կայունացնելու և բանակցությունների համար առավել կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար»,- ասված է ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

 

Համանախագահները խրախուսում են հակամարտությունից տուժածների շրջանում երկխոսության հաստատումը որպես խաղաղության գործընթացի կարևոր մաս, և աջակցում ծրագրերին, որոնք մոտեցնում են հայերին և ադրբեջանցիներին։

 

Համանախագահները հանդիպել են նաև Երևանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ և քննարկել են անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակման իրականացումը՝ մարդասիրական քայլ, որին Մինսկի խումբն ամբողջությամբ աջակցում է:

 

Հաղորդագրությունում նշվում է, որ համանախագահների կողմից շփման գիծը հատելուց հետո, անհայտ վայրից կրկնվող կրակոցները ստիպել են ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել: «Կողմերը պարտավորվել էին երաշխավորել դիտորդական անձնակազմի անվտանգությունը: Այս միջադեպը կարգավորմանն ուղղված առաջընթացը խաթարելու դիտավորյալ փորձ է: Այն նաև ընդգծում է ԵԱՀԿ-ի համար հրադադարի խախտումները հետաքննելու հնարավորություն ունենալու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է 167 անգամ
 


Այս թեմայով