Դուք ուզում եք, որ մեր երկրի հրապարակներում վազվզեն տասնյակ սաակաշվիլինե՞ր, ոչ մենք թույլ չենք տա

Այսօր Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը, որին ներկա են եղել 1000-ից ավել լրագրողներ, ուղղելով իրենց հետաքրքրող տնտեսաքաղաքական հարցերը:

Ասուլիսին ներկայացել է նաև ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որի ալ կարմիր հագուստը գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը:

Տեսնելով իր մրցակցին, որը ձեռք է բարձրացրել նախագահին հարց հղելու համար, Պուտինը նախ կատակել է, թե արդյոք նա նույնպես անօրինական կերպով է ներկայացել ասուլիսին, ինչպես ներկաներից մեկը, որը խոստովանել էր, որ լրագրող չէ:

«Ո՛չ, ես այստեղ եմ որպես «Дождь» հեռուստաալիքի լրագրող, քանի որ դա Ձեզ հարց տալու միակ տարբերակն է, բանավեճերի Դուք չեք մասնակցում», — ժպտալով ասել է Սոբչակը:

«Ասում էիք, թե Դուք չէ, որ պետք է դաստիարակեք ձեզ համար մրցակիցներ, Ձեր մամուլի խոսնակը հավելեց, որ իշխանության համար այսօր ՌԴ-ում պարզապես չկան իրական մրցակիցներ: Կա թեկնածու Ալեքսեյ Նավալնին, որը մեկ տարի շարունակ հանդես է գալիս իր նախընտրական ծրագրով: Այս ընթացքում նրա դեմ ստեղծվեցին կեղծ քրեական գործեր, նրանց կեղծ լինելն ապացուցվել է եվրոպական դատարանի կողմից, սակայն Նավալնիին թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին», — ասել է ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող Սոբչակը՝ շեշտելով, որ այդ ամենի դժվարությունն ինքը զգում է նաև իր սեփական փորձով:

Սոբչակը ելույթի ընթացքում նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենք խնդիրներ են ունենում տարածքի վարձակալման ու մի շարք այլ հարցերում և որ մարդիկ պարզապես վախենում են դեմ դուրս գալ իշխանություններին:

«Լինել ընդդիմություն ՌԴ-ում նշանակում է, որ կա՛մ քեզ կսպանեն, կա՛մ ինչ-որ վատ բան կլինի: Մի՞թե իշխանություններն իսկապես վախենում են իրական մրցակցությունից», — ասել է Սոբչակը:

Նախագահական մրցապայքարում իր կին մրցակցին Վլադիմիր Պուտինը պատասխանել է.

«Իսկ ի՞նչ եք դուք առաջարկում այն խնդիրների լուծման համար, որոնք մենք այսօր քննարկում ենք: Դուք ուզում եք, որ մեր երկրի հրապարակներում վազվզեն տասնյակ սաակաշվիլինե՞ր, այն ընդդիմության կերպարները, որոնց անունը դուք տվեցիք, Սաակաշվիլիի ռուսական տարբերակն են: Դուք ուզում եք, որ մեր երկրում լինեն «Մայդաննե՞ր»: Մեր երկրի բնակչության զգալի մասը չի ուզում դա և թույլ չի տա այդ ամենը»:

Այս թեմայով