Դուք ու՞մ եք մեղադրում քսենոֆոբիայում: Ի՞նձ: Հայի՞ն…Ավակովի պատասխանը Պորոշենկոյին

ավակովՈւկրաինայի ՆԳՆ ղեկավար Ասեն Ավակովը Facebook-ի իր էջում տեղադրել է Սահակաշվիլիի հետ վիճաբանության տեսանյութը, ինչից հետո բաժակով ջուր է շփել Վրաստանի նախկին նախագահի դեմքին:

Բացի տեսանյութից` Ավակովը նաեւ գրառում է արել` «Զրոյական հանդուրժողականության գրառում» վերնագրով:

«Զրոյական հանդուրժողականությու՞ն. դա հարյուրտոկոսանոց ճշմարտություն է եւ իմ անկեղծ տեսակետը` առանց սոցիալական պայմանականությունների: Կներկայացնեմ այսպիսի անողոք բան` եւ իմ, եւ ուրիշների հանդեպ: Պարզապես ես զզվել եմ այս քաղաքական նեխած եռուզեռից, բարոյական նորահայտ հեղինակությունների կեղծ քարոզներից»,- գրում է Ավակովը:
Նա արձագանքում է նաեւ միջադեպի առնչությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը:

«Դուք, հարգելի’ նախագահ, հայտարարություն եք արել, եւ ես, մեղմ ասած, զարմացած եմ: Դուք ու՞մ եք մեղադրում քսենոֆոբիայում: Ի՞նձ: Հայի՞ն, ով երեք տարեկանից ողջ կյանքում ապրել է Ուկրաինայում: Ո՞ր «չինուշան» է Ձեզ տվել նման արձագանքի այդ սցենարը: Դուք դա ի՞նձ եք ասում: Ի՞նձ, որ ծեծ է կերել Ինստիտուտսկիում, ապա նաեւ Կրեպոստնոյ խաչմերուկում` Ձեզ հետ միասին, իսկ դեկտեմբերի 10-ին մենք միասին Մայդանում պահում էինք Բերկուտը` ուկրաինացիների հետ, Ուկրաինայի բելառուսների, վրացիների, հայերի, հրեաների հետ: Թե՞ ոչ, թե՞ Դուք չեք եղել ինձ հետ: Ի՞նձ եք ասում: Ի՞նձ, որ միայնակ որոշում ընդունեց գրոհել Խարկովում անջատողականների վրա` ոչ մեծ մի ջոկատով: Քսենոֆոբիա՞ եք ասում: Իմ տուն չէին եկել մոտ 50 գազազածներ` ռուսական դրոշներով` ատրճանակներով ու մահակներով, եւ ես հանգստացնում էի լաց լինող «քսենոֆոբ» կնոջս` 2 օգնականներիս հետ հաշվելով` քանի փամփուշտ ունենք եւ կդիմանանք արդյոք, մինչեւ մերոնք հասնեն: Թե՞ դա ուրիշ մարդ է արել: Թե՞ Դուք այդ մասին չգիտեիք:

…Ես մի երկիր ունեմ եւ դա Ուկրաինան է, մի բնակարան` Խարկովում (որտեղ չեմ եղել շուրջ 3 ամիս), որտեղ պահում եմ միլիարդները, եթե լսենք Սաակաշվիլիին… Իսկ իրականում արդեն չորրորդ տարին է` ապրում եմ, ավելի շուտ քնում եմ «Կիեւ» հյուրանոցի 12 մետրանոց համարում, որտեղ Դուք կարծեմ եղել եք մեր բարիկադների ժամանակ: Ամեն ինչ այստեղ նույնն է, միայն թեյնիկն է նոր ու հեռուստացույցը: Ցավոք, չունեմ 2 ամրոց Իտալիայում, ինչպես շշնջում են Ձեր ականջին:

Մնացած բաների մասին ինքներդ կիմանաք, երբ Ձեզ ներկայացնեն ինձ, կնոջս, որդուս, վարորդիս, օգնականիս հետեւողների զեկույցները: Թե՞ Դուք չգիտեիք, որ Ներքին գործերի նախարարը գիտի այդ մասին, գիտի եւ հաշտվում է այդ հետաքրքրության հետ` հանուն փոփոխությունների, երկրում բարեփոխումների: Հանուն բարեփոխումների, ոչ թե Բարեփոխումների ռադայի,որը կարծես բեմ լինի դերասան Սաակաշվիլիի համար, ով ավելի շատ ելույթ ունենում, քան գործ անում…»,- գրում է Ավակովը:

 


Այս թեմայով