Home » Real Politik » Դուք հեռացաք՝ չփրկելով գեթ մեկ ճակատագիր

Դուք հեռացաք՝ չփրկելով գեթ մեկ ճակատագիր

54380Զարուհի Մուրադյան նկարչուհի, ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության անդամ

Բաց նամակ արդեն նախկին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին

Երեք տարուց քիչ ավել Դուք պաշտոնավարեցիք որպես արդարադատության նախարար: Ձեր նշանակման առաջին ամիսներին շատերը հույսեր էին կապում մեր հիվանդ արդարադատության ոլորտում փոփոխություններ տեսնելու համար: Մեզ՝ ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության անդամներին, Դուք առաջին անգամ ընդունեցիք 2011 փետրվարին: Դրանից օրեր առաջ պայմանական վաղաժամկետ ազատվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդի Մայիս Խաչատրյանը, ով դիտավորյալ սպանության մեղադրանքով 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2004 թ-ին:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձանք նաև արդարադատության ընտրովի կիրառման այդ թարմ օրինակին: Մեր հանդիպումն անցավ ընկերական մթնոլորտում: Դուք պատմում էիք Ձեր մեծ ծրագրերից բանտաշինության ոլորտում: Մենք փորձում էինք սևեռել Ձեր ուշադրությունը մարդկային առանձին ճակատագրերի վրա: Մասնավորապես` մենք Ձեզ կոչ էինք անում Ձեր իրավասությունների շրջանակում ուսումնասիրել և հիմքեր գտնել 1990-ականների վիճելի դատավճիռներով քրեական գործերի վերաբացման համար:

Խոսեցինք ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանի ու Սողոմոն Քոչարյանի գործերից, նրանց փախուստներից: Այդ ժամանակ տպագրվել էին Մհերի նամակները մամուլում, որտեղ նա բարձրաձայնել էր Հայաստանում ցմահ դատապարտյալների, դատական հնարավոր սխալների մասին: Դուք խոստացաք մեկ ամիս հետո պատասխանել մեզ: Սակայն 2-3 ամիս ապարդյուն սպասելուց հետո, ԱՆ շենքի նախասրահում կարողացանք «բռնացնել» Ձեզ՝ պնդելով ընդունել մեզ:

Այս անգամ հանդիպումը կրում էր պաշտոնական և ոչ բարեկամական բնույթ: Չփարատելով մեր հարցերից, խնդրանքներից և ոչ մեկը՝ Դուք նշեցիք, որ հանգիստ խղճով բարձին եք դնում Ձեր գլուխը: Դրանից հետո երբ մենք կոնկրետ օրինակով էինք ներկայացնում խնդիրը՝ մեզ մեղադրում էին, թե ինչու եք մեկ մարդու ճակատագրի անդրադառնում, երբ խոսում էինք ընդհանուր, գլոբալ խնդրից, ասում էին՝ կոնկրետ օրինակ բերեք: Քաջ գիտակցում ենք, որ Դուք դատական ատյան չեք ներկայացնում, բայց գործերի ուսումնասիրություն կարելի էր նախաձեռնել, կարելի էր վեր հանել 90-ականների կասկածելի դատավճիռները:

Արդեն 3 ու կես տարի է՝ մեր խումբը Հելսինկյան կոմիտեի հետ միասին անցկացնում է կլոր սեղաններ, հանդիպումներ, կոնֆերանսներ, ուսումնասիրում ու ներկայացնում գործերի վերաբացման, դատական սխալների վերհանման միջազգային փորձը, հանդես գալիս օրենսդրական առաջարկություններով: Մեր խմբի անդամներից մեկը, ստանալով պաշտոնական թույլտվություն, դատարանների արխիվում ուսումնասիրում ու «Հետք» կայքում լուսաբանում է ցմահ դատապարտյալների գործեր, որոնք քննվել են խախտումներով, բռնություններով: Միայն այդ լուսաբանումները կարող էին գործերին ինչ-որ կերպ անդրադառնալու խթան լինել… Մինչդեռ պարբերաբար լսում ենք լուրեր, որ անգամ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում (որտեղ իրավական համակարգը Հայաստանի հետ չես համեմատի) տասնյակ տարի առաջ դատապարտվածների գործեր են վերաբացվում, մարդիկ ճանաչվում են անմեղ ու վերադառնում ընտանիք:

Դուք արդեն նախարար չեք և չեք կարող օգտակար լինել, օրինակ,երկկողմանի ծնողազուրկ Ցոլակ Պողոսյանին, ով լինելով ամենաթույլ ու խոցելի զինծառայողն իրենց զորամասում, 2005 թ-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղադրվելով իր մտերիմ ընկերոջ սպանության մեջ: Չեք կարող օգտակար լինել դարձյալնախկին զինծառայող Արթուր Մկրտչյանին, ով 18 տարի պնդում է, որ չի կատարել 5 համածառակիցների սպանությունը, որ անմեղ է: Դա են պնդում անգամ տուժողների հարազատները: Դուք այլևս երբեք չեք կարող դիմել ՀՀ նախագահին, իսկ ունեիք այդ իրավունքը, ներում շնորհել Արցախյան պատերազմի մասնակից, պարսկահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 19 տարի առաջ՝ 1995-ին մահապատժի դատապարված Սողոմոն Քոչարյանին, որի 19-ամյա դուստը՝Սյուզին, կորցնելով հորն ազատության մեջ տեսնելու հույսը,ինքնասպան եղավ երկու ամիս առաջ: Դուք չեք կարող օգնել զինվոր Հայկ Թորոսյանին, ով ինքն է զոհ դարձել հայոց բանակում տիրող արատավոր բարքերին ու հիմա 28-ամյա տղան ուղեղի կաթվածով պատիժ է կրում՝ տեսողության կորստի վտանգով: Այս դատապարտյալների շարքը կարելի է շարունակել՝ Արթուր Քոչարյան, Էմիլ Չիվթչյան…

Այս 3 տարիների ընթացքում Դուք չայցելեցիք ՀՀ-ում 100-ից ավելի ցմահ դատապարտյալներից և ոչ մեկին (3 ցմահ դատապարտյալ այս ընթացքում մահացել է), չնայած նրանցից ոմանց կողմից գործերի վերաբացման պահանջով հայտարարած հացադուլներին, դիմումներին, որտեղ խնդրում էին այցելել ու լսել իրենց:

Համեմատության համար գրեմ, որ 18 տարի բանտում գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն այս 3 տարում երեք գիրք է հրատարակել մեր աջակցությամբ, ընդունվել ու գերազանց սովորում է Սլավոնական համալսարանում, աշխատում է և բանտից թղթակցում «Հետք» կայքին: Սակայն նախարարությունից և քրեակատարողական համակարգից և ոչ մի պաշտոնյա չի մասնակցել բազմաթիվ շնորհանդեսների: Իսկ դատապարտյալի նման վարքը ցանկացած այլ իրավական երկրում կարող էր խրախուսանքների ու օրինակ ցույց տալու առիթ դառնալ:

Դուք հեռացաք՝ չփրկելով գեթ մեկ ճակատագիր, Ձեզնից հետո թողնելով Եվրոպայից ստացված գրանտներով դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասին միֆը, ՀՀԿ կրծքանշանը և առանց դատարանի որոշման դատական հարկադիր կատարման ծառայության միջոցով 5000-ական դրամ տուգանքների դիմաց քաղաքացիների ունեցվածքը կալանքի տակ դնելու մասին օրենքը, որի զոհերից մեկն էլ տողերիս հեղինակն է:

Հ.Գ. Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ եմ գրում այս նամակը: Պատասխանեմ. այն ավելի շատ ուղղված է նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Համոզված եմ, որ նա ծանոթանալով այս նամակին ու վերը բերված հղումների ներքո հոդվածներին՝ կփորձի գոնե մի քանի խեղված ճակատագրեր փրկել իր պաշտոնավարման օրոք:

Աղբյուրը hetq.am

Դիտվել է 120 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy