«Դոն Պիպոյի» առեղծվածային մահափորձը. կասկածյալներին երեք օր ծեծե՞լ են

Շաբաթներ առաջ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրենց հաջողվել է վնասազերծել երեք քաղաքացու, որոնք ենթադրաբար պատրաստվում էին սպանություն իրականացնել: Հետագայում մամուլի հրապարակումներից պարզ դարձավ, որ նշված  անձիք ցանկացել են սպանել քրեական հեղինակություն «Դոն Պիպոյին»:

Գործի հետ կապված ոստիկանության հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանեցին սպասվող ծանր հանցագործությունը, կանխեցին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծեցին և բերման ենթարկեցին ոստիկանության ՔՀԳՎ։ Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։ Քննությունը շարունակվում է»,-նշված էր ոստիկանության հայտարարության մեջ։

Այս հայտարարությունից շաբաթներ անց անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ «Դոն Պիպոյի» դեմ նախապատրաստվող սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա. Ք-ի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը: Հանրային պաշտպանը «Հետք»էլեկտրոնային պարբերականին հայտնել էր, որ մինչ ոստիկանության կողմից իր պաշտպանյալին ձերբակալելն անհայտ անձիք երեք օր անազատության մեջ են պահել նրան և դաժանորեն ծեծի ենթարկել. «Նախ, ուզում եմ նշել, որ իմ պաշտպանյալն իր ցուցմունքում հայտնել է, որ նախքան ձերբակալվելը իրեն, ինչպես նաև իր հետ ձերբակալված մյուս երկու անձանց  մինչև ատամները զինված անձինք տարել են և երեք օր անազատության մեջ պահել, ծեծի ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ պատճառել: Պաշտպանյալիս ոտքին` ծնկից քիչ վերև հատվածում, դանակի կտրած-ծակած վերքի տեսքով վնասվածք կա: Նրա վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-հայտարարել է հանրային պաշտպանը:

Ոստիկանության հայտարարության և հանրային պաշտպանի հայտարարության հակասությունը պարզելու նպատակով կապ հաստատեցինք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ: Պարոն Ահարոնյանը Politik.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին գործի հետ կապված մանրամասնների վերաբերյալ պետք է խոսել նախաքննություն իրականացնող մարմնի հետ, և հիմա  ոստիկանությունը չի կարող խնդրի հետ կապված մեկնաբանություն տալ:

Ի դեպ պետք է նկատել, որ սա «Դոն Պիպոյի» դեմ առեղծվածային սպանության փորձի երկրորդ դեպքն է: Ըստ մամուլի հրապարակումների՝ տարիներ առաջ նման մի մահափորձ էլ նախապատրաստվել էր Իտալիայում, որտեղ բնակություն էր հաստատել քրեական հեղինակությունը, և հետաքրքիր է, որ այն ժամանակ ևս հանցագործներին վնասազերծել էին  հեղինակության մտերիմները մինչ իրավապահ մարմինները կհասցնեին նրանց հայտնաբերել: Ըստ նույն հրապարակումների վարձու մարդասպանին անգամ սպանել էին և այս գործի հետ կապված Արթուր Ասատրյանը և ևս չորս ՀՀ քաղաքացի ձերբակալվել էին, սակայն հետագայում արդարացվել էին:

 


Այս թեմայով