Դոկտոր գեներալը կամ «խնջույք» ժանտախտի ժամանա՞կ

unnamedԱյս օրերին Հայաստանի սահմաններին փաստացի պատերազմ է, պատերազմ, որում մեր բանակի փառապանծ զինվորները և սպաները կենաց-մահու կռիվ են տալիս նենգ թշնամու դեմ՝ նաև խոնարհելով իրենց կյանքերը հանուն Հայրենյաց:

Թերթում ես մեր մամուլը և ակամայից հայացքդ կանգ է առնում բանակայինի լուսանկարով ցանկացած նյութի վրա, բայց ո՜վ զարմանք, գեներալի լուսանկարով հոդվածներից մեկը ամենևին էլ սահմանի դեպքերին չի առնչվում, իսկ լուսանկարում պատկերված Հայկ Քոթանջյանը ոչ միայն կանգնած է «ազգային անվտանգության ռազմավարության անկունքներում», այլև տարօրինակ ձևով հենց այս օրերին է մամուլով նշում դեռևս ամռանը լրացած իր 70-ամյա տարելիցը:

Պարզվում է դոկտոր գեներալ Քոթանջյանը, ով ունի խորհրդային տարիների բավական հարուստ կենտկոմական կենսագրություն, իսկ անկախության տարիներին, երբ մեր հերոս տղաները զենքը ձեռքին պաշտպանում էին Հայրենիքը դավադիր թշնամուց, հասցրել է մտքի հսկայական թռիչքով կերտել տաս կոթողային մենագրություններ և ոչ ավել, ոչ պակաս նույնիսկ կանգնել «ազգային անվտանգության ռազմավարության ակունքներում» : Նման բուռն գործունեության ընթացքում նա սակայն հավանաբար ժամանակ չի ունեցել յուրացնելու հենց ազգային անվտանգության համար կարևորվող մի հանգամանք. Հայաստանի սահմաններին փաստացի պատերազմ է, պատերազմ, որում մեր բանակի փառապանծ զինվորները և սպաները ամենօրյա կենաց-մահու կռիվ են տալիս նենգ թշնամու դեմ, ինչը ինքնին պետք է բացառի ցանկացած «խնջույքի» կազմակերպումը այս օրերին:

 Մինչդեռ հենց նույն օրը, երբ Հայկ Քոթանջյանը մամուլով նշում է իր անձի հարմար միգուցե կարևոր նշանակություն ունեցող իր իսկ 70-ամյակը, դեռ երկրորդ տասնամյակը բոլորող մեր հերոս զինվորների աճյունները հանձնվեցին հողին, իսկ նրանց ծնողները, հարազատները և ամբողջ Հայաստանը ոչ թե կարիք ունեն դոկտոր գեներալի անցած միգուցե և նշանակալից ուղուն ծանոթանալու, այլ պարզ, մարդկային սփոփանքի ու ոգևորող խոսք լսելու նաև հենց դոկտոր գեներալ Հայկ Քոթանջյանից, հակառակ դեպքում ներբողական ժանրի տարրերով հագեցած «խնջույքը» նմանվում է ժանտախտի ժամանակ կազմակերպված անտեղի միջոցառման:

Միջոցառում, որը մեր գիտակցության մեջ ցավալիորեն խաթարում է հենց նույն այն ազգային անվտանգության հասկացությունը, որի ակունքներում, ըստ ներբողի ժանրի, կանգնած է հոբելյարը:

Աննա Պողոսյան

անկախ լրագրող

Դիտվել է 360 անգամ
 


Այս թեմայով