Դիմում բոլոր նրանց ովքեր տուժել են «analitik.am»-ի գործունեությունից

analitikՈվքեր տուժել են «analitik.am»-ի ապօրինի գործունեությունից, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից և հիշեցնում, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ,զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս կարծելու, որ վերը նշված շորթումը «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կամ նրանց անունից հանդես եկող անձանց ապօրինի գործունեության միակ դեպքը չէ:

Ուստի, հորդորում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր տուժել են վերջիններիս ապօրինի գործունեությունից, դիմեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ (011) 900-035, (011) 900-052)»,-ասվում է ՀՔԾ հաղորդագրությունում։

Դիտվել է 169 անգամ
 


Այս թեմայով