Դեսպանի համար Սերժ Սարգսյանի ելույթը զավեշտական է

P8111112Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դիվանագետի օրվա կապակցությամբ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասվում է. «Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը լուրջ ձեռքբերումներ է ունեցել: Դրա խոսուն վկայությունն են այս տարիների ընթացքում շուրջ 160 պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամակցումը, շուրջ 2000 միջազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի ստորագրումը: Դա արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում եւ արտերկրում գործող՝ Հայաստանի Հանրապետության շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում աշխատող հայ դիվանագետների հետեւողական ջանքերի եւ եռանդուն աշխատանքի արդյունքն է:

Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում է գտնում միջազգային ասպարեզում, ինչը թույլ կտա Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներին լուծումներ գտնել եւ կնպաստի մեր ազգային շահերին։

Անցյալ տարի աշխարհի տասնյակ երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հազարավոր միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը հնարավոր դարձավ նաեւ ձեր՝ դիվանագետներիդ գործուն ջանքերի շնորհիվ։ Մենք ականատես եղանք հայ ժողովրդի հետ համերաշխության բազմաթիվ դրսեւորումների, ինչը ապագայում նման ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված հերթական քայլ է»,-նշել է նախագահը:

Թերևս բավական հետաքրքրական է,  այս ելույթը օրերս Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթի ֆոնին: Նախագահ Սերժ Սարգսյանը խոսում է ձեռքբերումների մասին, իսկ Վրաստանում ՀՀ դեսպանը Հայոց ցեղասպանությունը համարում է «զավեշտական»:

Ահա նորանկախ Հայաստանի դիվանագիտական ձեռքբերումը: Այս միջադեպից հետո պետք չէ դժգոհել այն բանից, որ Վրաստանը հաճախ է մեր շահերին դեմ քայլեր իրականացնում: Պատկերացնում եք, եթե մեր դեսպանը  Հայոց ցեղասպանության մասին է նման «նրբանկատորեն» խոսում, ապա մյուս հիմնախնդիրների մասին ավելորդ է խոսել:

Դիտվել է 122 անգամ
 


Այս թեմայով