Home » ՄԱՄՈՒԼ » Դեմ առ «Դ!եմ են»

Դեմ առ «Դ!եմ են»

դեմ«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ կրքերը գնալով թեժանում են: Երեկ ՀՀ ֆինանսների նախարարության շենքի մոտ «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան վերածվեց մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումների: Մինչ օրս հակամարտությունը այսպիսի դրսեւորումներ չէր ստանում: Ակնհայտ է, որ երկու կողմն էլ մարտական են տրամադրված: Այստեղ կարեւորն այն է, թե ովքեր են այդ «երկու կողմերը»: Ակցիաների ժամանակ դա իհարկե ցուցարարներն ու ոստիկանությունն է: Բայց իրականում սա դիմակայություն է հասարակության եւ իշխանության միջեւ: Նույնիսկ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել է, որ բնակչության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային  համակարգին: Մյուս կողմից, իշխանությունն է, որը համառորեն փորձում է անվերադարձ ներդնել այդ համակարգը: Թերեւս, արդեն քչերն են հավատում, որ իշխանությունը պարտադիր կուտակային համակարգը ներդնում է 25-40 տարի հետո մարդկանց արժանապատիվ ծերությունը ապահովելու դարդերով տոգորված: Ակնհայտ է, որ գործող իշխանությանը պետք են այդ փողերը հենց այսօր, հենց հիմա: Եթե այդպես չլիներ, ապա նրանք շատ հանգիստ կարող էին սպասել մինչեւ ՀՀ Սահմանադրական դատարանի` մարտի 28-ին կայացնելիք որոշմանը եւ դրանից հետո միայն սկսեին գործատուներից հավաքել պարտադիր կուտակայինի գումարները: Բայց իշխանությունը գնաց այլ ճանապարհով. բոլոր հնարավոր, նույնիսկ ակնհայտ ապօրինի մեթոդներով, սպառնալիքներով ու մատ թափ տալով  համառորեն սկսեց կիրարկել օրենքը առանց ՍԴ վերջնական որոշման: Եւ սրանով բացահայտեց իր իրական նպատակները: Տնտեսության լիակատար տապալման ֆոնին իշխանությանը հիմա պետք են ֆինանսական նոր միջոցներ, որոնք նա ծախսելու է հիմնականում երկու ուղղությամբ: Մի մասը ուղղվելու է ինչ-ինչ պոպուլիստական ծրագրերի իրականացմանը` զուտ քարոզչական նկատառումներով, մյուս մասը ուղղակի գրպանվելու է: Իսկ այդպիսի փողերի աղբյուրի դերում պարտադիր կուտակայինով հավաքագրված  գումարները ուղղակի «երկնքից թափված մանանա է»: Գործող իշխանության ոչ մի ներկայացուցիչ անձնական պատասխանատվություն այդ գումարների համար չի կրելու: Դրանց համար պատասխան են տալու նրանք, ովքեր իշխանության կլինեն 25-40 տարի անց, երբ կգա այդ գումարները կենսաթոշակի տեսքով այսօրվա երիտասարդներին վերադարձնելու ժամանակը: Իսկ այդժամ, ինչպես ասում են, «ով սաղ, ով մեռած»: Հանրությունը պարզապես չի ուզում ֆինանսավորել գործող իշխանության այդ «ծրագիրը»: Այնպես որ, երկու կողմն էլ մարտական տրամադրված լինելու բոլոր հիմքերը ունեն:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

Դիտվել է 21 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy