Դատարանը թույլ է տվել նյութական նորմի էական խախտում, որը հանգեցրել է գործով ոչ ճիշտ որոշման կայացման. փաստաբան

Չհայտարարագրելու և թաքցնելու միջոցով ՀՀ պետական սահմանով 30 000 ԱՄՆ դոլար Վրաստան տեղափոխելու փորձի համար Արտյոմ Թևոսյանը դատապարտվել է տուգանքի՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով:

Միևնույն ժամանակ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով իրեղեն ապացույց ճանաչված 30.000 ԱՄՆ դոլար գումարը կբռնագանձվի հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Այսպես, ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Թևոսյանը 2017թ. հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, չհայտարարագրելու և թաքցնելու միջոցով ՀՀ պետական սահմանով փորձել է Վրաստան տեղափոխել 30.000 ԱՄՆ դոլար կանխիկ դրամական միջոցներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Արտյոմ Թևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով: Գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Իրեղեն ապացույց ճանաչված 30 000 ԱՄՆ դոլարի բռնագանձման մասով էլ դատարանը վկայակոչել է ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածին:

Արտյոմ Թևոսյանի պաշտպան Մանյա Մաթևոսյանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է անօրինական, անհիմն և չպատճառաբանված դատական ակտ, ուստիև՝ այն բողոքարկել է վերաքննիչ դատարան, ինչը մերժվել է, այսինքն՝ օրինական ուժի մեջ է թողնվել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Թևոսյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել պահանջով՝ բեկանել առաջին ատյանի 14.07.2017. դատավճիռը՝ իրեղեն ապացույց ճանաչված 30 000 ԱՄՆ դոլար գումարի բռնագանձելու մասով, և այդ գումարը վերադարձել իր պաշտպանյալին:

Մաթևոսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Թևոսյանին պատկանող 30 000 ԱՄՆ դոլարը բռնագանձելով հօգուտ պետության՝ առաջին ատյանի դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածը, այսինքն՝ թույլ է տրվել նյութական նորմի էական խախտում, որը հանգեցրել է գործով ոչ ճիշտ որոշման կայացմանը:

Ըստ պաշտպանի՝ առկա է դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ, 360-րդ, 365-րդ հոդվածների պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Պաշտպանը վերաքննիչ բողոք ներկայացնելիս անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի պահանջին. «Ակնհայտ է, որ օրենսդիրը նախատեսում է պարտադիր կանոն, որը պետք է լինի միայն ավարտված հանցագործության, այսինքն՝ նշված դրույթի տառացի և բառացի մեկնաբանման արդյունքում փաստացի բռնագանձումը կկատարվի ՀՀ սահմանով արդեն իսկ տեղափոխված մաքսանենգության առարկայի նկատմամբ, այդ իսկ պատճառով օրենսդիրը օրենքով նախատեսել է տեղափոխված եզրույթը»,- նշում է պաշտպանը հավելելով, որ ստորադաս դատարանը իր պաշտպանյալի նկատմամբ կայացված դատավճռում սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածը և 30 000 ԱՄՆ դոլարը բռնագանձվել է օրենքի ոչ ճիշտ կիրառման արդյունքում:

Միևնույն ժամանակ պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին ատյանի դատարանը ևս գտել է, որ իր ներկայացրած հիմնավորումները ճիշտ են, օրենսդիրը չի սահմանում չավարտված հանցագործության համար բռնագանձում: Վերաքննիչում ևս համաձայնել են պաշտպանի ներկայացրած հիմնավորումների հետ, սակայն վերջինիս խոսքով, ասել են՝ չմոռանանք, որ գումարը պետության բյուջե է փոխանցվել:

«Ի՞նչ է նշանակում՝ օրենքի բացի համար 30 000 ԱՄՆ դոլար բռնագանձել քաղաքացուց»,- ասում է փաստաբանն ու ավելացնում՝ վերաքննիչ դատարանը (ոչ գործով նախագահողը) իր հետ ամբողջությամբ համաձայնել է, սակայն նշել են, որ այլ որոշում չեն կարող կայացնել և խորհուրդ են տվել Վճռաբեկ բողոքարկել:

Փաստաբանը նաև նշեց, թեև չկա որևէ նախադեպ, որը ինքը կարող է ներկայացնել, սակայն պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել և սպառելով բոլոր ներպետական ատյանները՝ դիմել նաև Եվրոպական դատարան:

Աղբյուր` Փաստինֆո

 


Այս թեմայով