Դատախազություն եմ ուղարկելու բարձրավոլտի հետ կապված, միլիոնների արժողությամբ գողության դեպք

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ այս պահին կան քրեական գործեր ՊՆ-ում, ու դա իրենց կառույցին խանգարելու է, որ ընթացիկ գործերն իրականացնեն, դրա համար սպասում են այդ քրեական գործերի ավարտին:
«Բայց մենք զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում ենք անում, վարչապետին և պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք փոփոխությունների մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ոչ թե քնած են կամ հետաձգում են իրենց գործերը, այլ աշխատում են.«Այսօր, օրինակ՝ դատախազություն եմ ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված մի գողության դեպք, որը նախաձեռնեցինք, գտանք գողացված տրանսֆորմատոր՝ միլիոնների արժողությամբ, որին մասնակցեցին Էներգետիկայի նախարարության աշխատակիցները: Մանրամասներն առաջիկայում կիմանաք»,-ասաց Սանասարյանը:

Այս թեմայով