Դավիթ Տոնոյանը հանդիպել է Անջեյ Կասպշիկի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեսպան Կասպշիկը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Մասնավորապես, Դավիթ Տոնոյանն իր մտահոգություններն է հայտնել վերջին օրերին պետական սահմանի և շփման գծի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ, որի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը՝ սադրանքներ թույլ չտալու և իրավիճակը չապակայունացնելու առումով:

Առողջություն մաղթելով հայ զինծառայողին, Անջեյ Կասպշիկն իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս առավելագույն ջանքեր գործադրել իր միջնորդական առաքելության մեջ:

Կողմերը քննարկել են նաև դեսպանի գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցության հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 


Այս թեմայով