Դավիթ Սանասարյանը հանդիպեց Մարալիկի համայնքապետի հետ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Մարալիկում հանդիպում ունեցավ համայնքապետ Արտակ Գևորգյանի հետ, ում հրաժարականը պահանջում են բնակիչները:

Նախքան համայնքապետի  ժամանելը, բնակիչներn արդեն Դավիթ Սանասարյանի կոչով բացել էին համայնքապետարանի դուռը, որի փակված լինելու պատճառով աշխատակցիները չէին կարող մուտք գործել:

Դավիթ Սանասարյանը համայնքապետից խնդրեց իրենց անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել, իսկ համայնքապետը պատասխանեց, որ սիրով կտրամադրեն, սակայն այսօր ոչ աշխատանքային օր է և աշխատակիցներն աշխատանքի չեն: «Աշխատանքային օր կտրամադրենք, դուք էլ ձեր վերահսկողությունը կանեք»,-ասաց նա:

Արտակ Գևորգյանն ասաց, որ ինքը չորս անգամ վերընտրվել է և հիմա էլ խոշորացված համայնքի ղեկավարն է, արդեն 11 ամիս պաշտոնավարում է: «Բնակիչների կողմից խորը վստահություն և պահանջ կա, որ տեր կանգնեն 11 ամիս առաջ տված քվեին, որոնք տվել են իրենք:

 Իհարկե, խորին հարգանքով եմ վերաբերում վարչապետ կոչին, բայց պետք է խաղաղության և հավասարկշռության բալանսը  պահպանվի»,-ասաց նա` անդրադառնալով Դավիթ Սանասարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մեջբերմանը, ըստ որի, եթե համայնքապետերն այդքան ուժեղ են, ապա թող հրաժարական տան և նորից մասնակցեն ընտրությունների:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ այսօր կա ճգնաժամ, որը պետք է լուծվի: Նա նկատեց, որ տաս աշխատանքային օր աշխատակիցները չեն կարողանում ներս մտնել և հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է պատկերացնում լուծման տարբերակները: «Ճիշտ չէ, որ այս ճգնաժամը երկար տևի»,-ասաց նա:

Համայնքապետը նկատեց, որ հավաքված բնակիչների մեջ կան մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիրներ ունեն և սեփական շահեր ունեն, և կան նախկին թեկնածուներ, որ ձայն չեն ստացել: «Նրանք Նոր Հայաստանի հետ, նոր ժամանակաշրջանի հետ առնչություն չունեն»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը կոչ արեց գնահատականներ չտալ: Այնուհետև, դուրս գալուց հետո, նա համայնքի բնակիչներին ներկայացրեց համայնքապետի հետ ունեցած խոսակցության մասին: «Խնդրում եմ, հանգիստ դուք ձեր գործով գնացեք, եթե հասել ենք այստեղ, ուրեմն զբաղվում ենք այդ գործով, թողեք ելումուտ անեն, խոչընդոտներ չլինեն համայնքապետի աշխատողների համար, նրանց պետք է շատ հարցեր տանք, դրա համար խնդրում ենք այս բողոքի ակցիան, գոնե ժամանակավորապես, քանի դեռ գործ ենք անում, դադարեցրեք մնացածն օրեր անց կերևա: Ես ո՞վ եմ, որ ձեզ ասեմ՝ հրաժարական մի պահանջեք»,-ասաց նա:

Այս թեմայով