Դավիթ Հարությունյանը բարկացա՞ծ է

դdddավ«ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցման եզրափակիչ ելույթին հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց, թե  պատգամավորների ելույթների մի հատվածը նախընտրական քարոզչություն էր, որի կարիքը մեծամասնությունը չունի:

Անդրադառնալով նախագծին, նշեց, թե քննադատություններ են եղել, թե կնքված հուշագրից շեղում է եղել. «Կարող ենք նստել, քննարկել, բայց հայտարարեմ՝ մենք համաձայնագրից չենք շեղվել,այն ամբողջովին արտացոլել ենք ուղղակիորեն այն նախագծում, որ ձեզ ներկայացրել ենք»:

Դավիթ Հարությունյանի համար կարող է հասկանալի լինել, եթե ընդդիմադիրները որոշեն հետ կանգնել համաձայնագրից, սակայն հիշեցրեց՝ համաձայնագրի յուրաքանչյուր դրույթ բալանսավորված է մեկ այլ դրույթով: Մասնավորապես խոսեց այն դրույթից, որ դիմումատուն պատասխանատվություն է կրում իր դիմումի ապացույցների համար, հակառակ դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության:

«Նմանատիպ պահանջ ներկայացվել է ընդդիմության կողմից, մենք համաձայնել ենք մի պայմանով, որ եթե լրացուցիչ բեռ դրվի դիմումատուի վրա: Մենք ասել ենք, եթե տարվի քննություն ու պարզվի, որ չի տարվել բավական ջանքեր՝ ապացուցելու իր ասածը, նա ենթարկվելու է պատասխանատվության»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա՝ չի կարելի ասել, որ եթե հարևանիդ երկար ժամանակ չես տեսնում, ուրեմն ընտրության ժամանակ կարող ես հայտարարել, թե նա ամենայն հավանականությամբ երկրում չէ, որ եթե առկա է ստորագրություն, ուրեմն ուրիշն է ստորագրել նրան փոխարեն:
Նախարարի խոսքով՝ նման դիմումները չեն կարող համարվել հավաստի, ապացույցները հենց դրա համար են պետք:

«Եթե ուզում եք հետ կանգնել ձեր ստորագրած պայմանագրից, ցավալի է, բայց պատրաստ եմ մի պայմանով՝ այն ամենն, ինչ սահմանում էր այս դրույթը պետք է բալանսավորվի»,- ասաց նա:

Ըստ նրա` խոսքը վերաբերում է 3 դրույթի, կարող են հանել և  քրեական պատասխանատվություն սահմանել թե՛ սուտ հայտարարության, թե՛ կեղծ դիմումի համար, թե՛ կրկնաքվեարկության համար, և նրանք պետք է հավասարեցվեն, և պետք է վերացվի հավաստիության կանխավարկածը:

«Այսինքն՝ եթե անձը ներկայացնում է դիմում, որ իմ որդին այստեղ չէ, նրա անվան դիմաց քվեարկել են, սա մենք չենք կարող ընդունել որպես բավարար ապացույց, պետք է օրինակ՝ տվյալ անձի հայտարարությունն ունենալ: Եթե մենք փոխում ենք, փոխում ենք համակարգային, հակառակ պարագայում չի լինում, դուք ասում եք սրա փոխարեն սա, հետո ասում եք՝ կլինի՞ դուք մեր ուզածը տաք, իսկ հակառակը, այն, ինչ որ մենք պիտի դրա փոխարեն տանք, չտանք: Չի լինի: Ընդունում եմ, որ կարող եք փոխել ձեր կարծիքը, պատրաստ եմ քննարկման, բայց հաշվի առեք՝ խոսքը վերաբերում է կոմպլեքսային լուծմանը, իսկ գնդակը ձեր դաշտում է»,- եզրափակեց նա:

Դիտվել է 478 անգամ
 


Այս թեմայով