Home » Real Politik » Դավաճանությու՞ն. Ինչու՞ մեր հրետանուն կրակի հրաման չեն տվել մինչ ապրիլի 4-ը

Դավաճանությու՞ն. Ինչու՞ մեր հրետանուն կրակի հրաման չեն տվել մինչ ապրիլի 4-ը

gradՇաբաթներ առաջ համացանում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում էր, թե ինչպես են մեր դիրքապահ զինվորները բազմաթիվ անգամ դիմում վերադասին կրակ բացելու թույլտվություն ստանալու համար: Այս տեսանյութը` եկավ ապացուցելու այն լուրերը, որը տարբեր աղբյուրներ դրել էին շրջանառության մեջ, այն է մեր բանակի գլխավոր շտաբի դանդաղկոտության մասին լուրերը:

Այս ամենից հետո հայտնվեցին անձիք, ովքեր նման լուրեր տարածողներին անվանեցին դավաճաններ և հայտարարեցին, որ նման մարդիկ ի օգուտ Ադրբեջանի են գործում: Իհարկե հասկանալի է նման պիտակավորումը` դրա նպատակը հետագա քննարկումների դեմն առնելն էր, սակայն իրականության բացահայտումը իրեն սպասեցնել չտվեց:

Այսօր, «Արմենպրես»-ը հրապարակել է մի հարցազրույց Գավառ քաղաքի բնակիչ, Հայոց բանակի զինծառայող Արման Արմենի Ավետիսյանի հետ: Արման Ավետիսյանը հետաքրքիր բացահայտում է իրականացնում, որը արդեն անհերքելի կերպով գալիս է հաստատելու տարածված լուրերը.«Ապրիլի 2-ի առավոտյան մեզ տագնապով վեր հանեցին եւ տեղափոխեցին կրակային դիրքեր՝ Աղդամի ուղղությամբ: Ապրիլի 2-ի եւ 3-ի ընթացքում մարտական խնդիր չենք կատարել, այլ սպասել ենք հրամանի….»,-ասել է զորացրված զինծառայողը:

Եկեք տեսնենք, թե երբ է հակառակորդը հայկական կողմի նկատմամբ կիրառել հրետանի և բոլորի համար հասկանալի կլինի, որ ՊԲ-ն իրականում թերացել է կամ մեկ այլ նպատակով զինվորներին կրակի հրաման չեն տվել.«Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են»,-ասվում է ԼՂՀ ՊԲ պաշտոնական հայտարարության մեջ:

Պետք է նկատել, որ եթե անգամ զինծառայող Արման Ավետիսյանը ներկայացրած դեպքը կոնկրետ մեկ ուղղության մասին է, ապա կրկին իրավիճակը չի փոխվում, քանի որ ըստ ԼՂՀ ՊԲ պաշտոնական հայտարարության հակառակորդը հերտանային կրակ է բացել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:

Փաստորեն ստացվում է, որ ադրբեջանական կողմը հայկական կողմի նկատմամբ հրետանի է օգտագործել ապրիլի 2-ից սկսած, իսկ հայկական կողմը հրետանային կրակ է բացել միայն ապրիլի 4-ին:

Հ.Գ. Ում է եղել ձեռնտու նման իրավիճակը: Ի վերջո ժամանակն է, որպեսզի իշխանավորները հավուր պատշաճի հանրությանը բացատրություններ ներկայացնեն տեղի ունեցածի վերաբերյալ: Լռությունը ամեն դեպքում իրենց օգտին չի աշխատելու: Եվ թող իշխանավորները չնեղանան, երբ իրենց մեղադրում են դավաճանության մեջ, եթե իրենք չունեն վախեր և սխալներ, ապա թող  մեկ անգամ և հստակ բոլոր հարցերի պատասխանները տան:

 

 

Դիտվել է 3,205 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy