Դանիել Իոաննիսյանի ելույթը և «բազառ» բառը առաջացրեց պատգամավորների վրդովմունքը

Այսօր ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստին միացան նաև Կառավարության աշխատանքային խմբի անդամները, կառավարությանն առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը գլխավարությամբ:
Կառավարության ներկայացուցիչը անուղղակի շեշտեց, որ ԱԺ-ի հետ համատեղ աշխատելու մտադրություն չունեն ինչն էլ առաջացրեց խորհրդարանականների վրդովմունքը։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը ղեկավարում է կառավարական հանձնաժողովը, մասնակցում էր կառավարության նիստին և չէր ներկայացել խորհրդարան, փոխարենը եկել էր Դանիել Իոաննիսյանը։ Դիմելով վերջինիս՝ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց, թե ունի՞ կառավարական հանձնաժողովը որոշակիություն մեկ միասնական փաստաթուղթ ներկայացնելու հարցում։

«ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս ունենալ երկու նախագիծ, որը կներկայացնի կառավարությունը, իսկ մյուսն էլ խորհրդարանականները։ Բայց մենք ուզում ենք գնալ համախոհությամբ, համաձայնեցված, ի վերջո մեր նպատակը դա է, որից կբխի արտահերթ ընտրությունների անցկացումը։ Մենք մտածում ենք, որ, ի վերջո, մեկ նախագիծ դուրս գա և այդ նախագիծը քննարկենք այս կազմով, դուք սրան ինչպե՞ս եք նայում», — դիմելով Իոաննիսյանին՝ հարցրեց Ռուստամյանը։

Ի պատասխան՝ Իոաննիսյանը երկար խոսեց ժողովորդավարական ընտրություններ անցկացնելու մասին նոր իշխանությունների տված խոստումների ու այդ նպատակով կառավարական հանձնաժողովի ստեղծման մասին, ասաց, որ իրենք փորձում են փոփոխել ԸՕ-ն ու հարակից օրենքներում կատարել փոփոխություններ։ Ընտրական օրենսգրքի բուն նախագծի մշակման փուլին չեն անցել, և դեռ աշխատում են հայեցակարգի վրա, որն ավարտելուց հետո կներկայացվի հանրությանը։

«Ամեն դեպքում մեր հանձնաժողովը նախագիծ պատրաստելու է։ Բնականաբար, որևէ մեկը չի սահմափակել ԱԺ պատգամավորների իրավունքը ԸՕ նախագիծ շրջանառության մեջ դնելու հարցում», — ասաց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների համար ստեղծված հանձնաժողովը մասնագիտական է, քննարկումները ընթանում են մասնագիտական շրջանակների հետ։

Արմեն Ռուստամյանը նկատեց, որ ԱԺ 4 խմբակցությունների և կառավարական հանձնաժողովի միջև պետք է համաձայնություն կայանա գոնե ընդհանուր հարցերի շուրջ և տեխնիկական հարցերը կարող է հանձնաժողովը արձանագրել փաստաթղթում։

Արձագանքելով պատգամավորին՝ Իոաննիսյանը մի քանի անգամ շեշտեց, որ կառավարությանն առընթեր հանձնաժողովը մասնագիտական է և քննարկում է ներկայացված բոլոր առաջարկությունները։ Սակայն, ըստ էության, համաձայնության վերաբերյալ Ռուստամյանի դիտարկումներին Իոաննիսյանը չպատասխանեց։ Ավելին՝ ասաց, թե չի պատկերացնում՝ ինչպես կարող են մեկտեղվել մասնագիտական ու քաղաքական հանձնաժողովների աշխատանքները։

«Մեր հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է, քաղաքական հանձնաժողով չէ, մենք այստեղ չենք գալու, չգիտեմ, ինչ-որ «բազառ» անելու։ Ներեցեք այդ արտահայտության համար։ Մենք զուտ ուզում ենք լսել առաջարկություններ ու դրանք քննարկել մասնագիտական ֆորմատով», — հավելեց Իոաննիսյանը։

Արմեն Ռուստամյանին վրդովեցրեց «բազառ» արտահայտությունը, և պատգամավորն ասաց, որ իրենք «բազառ» անելու համար չեն հավաքվում, և ասված բառը ճիշտ չէ։

Իր վրդովմունքն արտահայտեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Մենք էլ, դուք էլ հանդիպել ենք Վենետիկ հանձնաժողովի հետ, և ես վստահ եմ, որ ՎՀ-ն ինչ ասել է ձեզ, ասել է նաև մեզ՝ որ իրենց համար ընդունելի է լինելու այն տարբերակը, որը քաղաքական ուժերի միջև կոնսենսուսի արդյունքում կստեղծվի։ Ես հասկանում եմ, որ դուք հարգում եք ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիների առաջարկները, բայց ես կարծում եմ, որ Վենետիկը չի ասել, օրինակ, քաղաքացի Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի քաղաքական ուժերի առաջարկին»։

Զոհրաբյանին վրդովեցրեց նաև Իոանիսյանի պարբերաբար հնչող շեշտադրումը, թե կառավարությանն առընթեր հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է ու դիմելով նրան՝ ասաց. «Ես կխնդրեի՝ նշեիք, թե այդ հանձնաժողովում կոնկրետ ո՞վ է ընտրական իրավունքի շատ ավելի բարձր մասնագետ, քան էստեղ հավաքված քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ մշակել, ներկայացրել են Ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկներ։ Մենք վատ բան չենք ասում, ասում ենք, որ սիզիփոսյան աշխատանք չանելու համար, համադրենք մեր աշխատանքը»։

Իոաննիսյանը պնդեց, որ իրենք տարբեր խմբերից ներկայացվող առաջարկները լսում են ու դրանց հիման վրա ձևավորում դիրքորոշում։

«Կոնսենսուսի հետևից ընկնելու… դե հիմա չեմ ուզում «բազառ» ասեմ, այդ բառը դուր չեկավ, բայց չգիտեմ, քննարկումների մեջ ընկնելու մտադրություն չունենք։ Մենք հստակ լսում ենք առաջարկներ ու հայտնում տեսակետ», — հավելեց Դ.Իոաննիսյանը։

Այս թեմայով