Գ. Կոստանյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսություն

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կայացավ Ազգային Ժողովի պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:

Գևորգ Կոստանյանի ատենախոսության թեման էր «Պետության հայեցողության հիմնախնդիրները սահմանադրաիրավական և կոնվենցիոն կարգավորումների համատեքստում. անձի ազատության, անձեռնմխելիության և արդար դատաքննության իրավունքներ»:

Կոստանյանը շեշտեց, թե այս հարցով Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ գիտական հետազոտություն և ուսումնասիրությունը պայմանավորված էր այն  անհարժեշտությամբ, որ ինքը 14 տարի, ըստ էության, ՀՀ-ի փաստաբանն է եղել ՄԻԵԴ-ում և ոլորտում  գիտական խորությամբ ուսումնասիրության կարիք է տեսել:

Ատենախոսության ներկայացնելուց հետո ընդդիմախոսներն արձանագրեցին` ուսումնասիրության առարկան ունի և՛ տեսական, և՛ գործնական ազդակներ, համապատասխանում է երկրի կողմից նորմատիվ պահանջներին:

Ընդդիմախոս Աշոտ Հայրապետյանն արձանագրեց, թե այս աշխատանքով Կոստանյանը ձեռք է տվել շախմատային այնպիսի ֆիգուրի, որը վերաբերում է միայն կոնվենցիայով սահմանված  երեք իրավունքներին՝ անձի ազատության, անձեռնմխելիության և արդար դատաքննության իրավունքներին: «Բայց շատ կարևոր են նաև մեր երկրի համար կոնվենցիոն մյուս դրույթների նորմերի իրավունքների վերաբերյալ ձեր դիտարկումները՝ կյանքի անձեռնմխելիության, անձնական իրավունքի հոդված, մտքի, խղճի, կրոնի, ազատությունների,  ազատ արտահայտվելու հոդված և այլն: Իմ հորդորն է, որ ատենախոսը չբավարարվի երեք իրավունքի պրակտիկայի տեսակետից լուսաբանմանը»,-ասաց նա:

Ընդդիմախոսները արձանագրեցին` հեղինակն արժանի է գիտական այս բարձր աստիճանի շնորհման:

Գևորգ Կոստանյանը խոստովանեց` հաջորդ ուսումնասիրության առարկան ընտրել է արդեն, որը կլինի հանրահավաքների ազատությունները: «Ժողովրդական  լեզվով ասած` ցույցները ցրելու մեթոդիկա, որը պետք է համապատասխանեցվի Եվրոպական չափանիշներին»,-ասաց նա:

Վերջում հանձնաժողովի բոլոր անդամների դրական եզրակացությամբ (փակ քվերկությամբ) հաստատվեց «Պետության հայեցողության հիմնախնդիրները սահմանադրաիրավական և կոնվենցիոն կարգավորումների համատեքստում. անձի ազատության, անձեռնմխելիության և արդար դատաքննության իրավունքներ» թեմայով ատենախոսությունը:

 

 


Այս թեմայով