Գրավոր, թե բանավոր

աժԱզգային ժողովում երեկ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել է. «Նիստի նպատակն էր քննարկել հարցերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ, ներկայացնել, թե մենք յուրաքանչյուր ենթահարցի մեջ ինչ բովանդակություն ենք տեսնում եւ եթե մենք ունենք տարընթերցում գրավոր տեքստի հետ կապված, հստակեցնել մեր ձեւակերպումները»։ «Պետք է նշեմ, որ շուրջ երկուսուկես ժամ տեւած նիստի ընթացքում արդյունավետ եւ բովանդակային աշխատանք է կատարվել»,- ասել է Հարությունյանը: Ըստ նրա՝ նախարարը եւ ՀԾԿՀ նախագահը հասկացել են, թե հիմնականում ինչին են վերաբերում իրենց հարցերը, ինչը, ըստ պատգամավորի, շատ կարեւոր նշանակություն ունի: «Եթե զուտ գրավոր ես աշխատում, գրում ես հարցերը եւ ուղարկում ես, իսկ ստացողը քո տեքստից չի հասկանում, թե ինչ ասպեկտով ես դու հարցը դիտարկում, կարող ես կրկին ստանալ մի պատասխան, որի դեպքում եւս մեկ գրավոր հարց ուղարկելու կարիք կարող է առաջանալ»,- ասել է Դավիթ Հարությունյանը: Հաջորդ նիստը տեղի կունենա մյուս շաբաթ, քննարկվելու է փորձագետի հարցը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ամեն ինչ անելու է հանձնաժողովի արդյունավետ աշխատանքին նպաստելու համար, որ «հանրությանը սպառիչ պատասխան ներկայացնի իրենց հուզող հարցերի վերաբերյալ»։

 

 

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով