Home » Real Politik » «Գործ N 003». Մարիուս Յուզբաշյանի սպանությունը

«Գործ N 003». Մարիուս Յուզբաշյանի սպանությունը

makarov_marschal_leftPolitik.am-ը շարունակում է «Գործ N» հոդվածների շարքը: Այս անգամ մենք կներկայացնենք վարկածներ Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանի սպանության վերաբերյալ:

1993 թվականի հուլիսի 21, առավոտյան Երեւան, Կոմիտասի անվան այգում Մակարով տեսակի ատրճանակի կրակոցից սպանվում է Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանը: Այս սպանությունը ևս կարելի է քաղաքական համարել:

Յուզբաշյանի սպանության կապակցությամբ տարիներ անց armworld.am կայքում հրապարակված հոդվածում գրվել է.«Օրինակ` Երջանիկ Աբգարյանը, անդրադառնալով Մարիուս Յուզբաշյանի եւ Համբարձում Գալստյանի սպանություններին, օրերս հայտարարեց, թե ինքը «հանգել է այն եզրակացության», որ ՊԱԿ-ի նախկին պետն ու Երեւանի քաղխորհրդի նախկին նախագահը սպանվել են նույն քաղաքական ուժի կողմից։ Չնշելով կուսակցության անունը` Ե.Աբգարյանը համոզված պնդեց, թե տվյալ ուժը շահագրգռված էր թե՛ մեկի, թե՛ մյուսի սպանությամբ, քանի որ «Մ.Յուզբաշյանի մի հրապարակումը բացահայտում էր այդ քաղաքական ուժի կապը ՊԱԿ-ի հետ, իսկ այդ հրապարակման հետ անմիջական կապ ուներ Հ.Գալստյանը»։
Քանի որ ժամանակին լինելով ԳԽ պատգամավոր եւ ՀՀՇ վարչության անդամ, ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ անձամբ Համբարձում Գալստյանից էր լսել Մ.Յուզբաշյանի հրապարակման հայտնության պատմությունը, երեկ խնդրեցինք նրան ներկայացնել իրողությունը։
Մեր զրուցակցի պատմածից ակնհայտ է դառնում, թե իրականում ում միջոցով, ինչպես եւ ինչ հանգամանքներում է ստեղծվել Յուզբաշյան-Գալստյան «կապը», ինչը բնականաբար շրջանցել է Ե.Աբգարյանը՝ ոչինչ չասելով այդ մասին։
Խ.Ստամբոլցյանը հետեւյալը պատմեց. «Մի օր Գերագույն խորհուրդ էր եկել Համբարձում Գալստյանը։ Միջանցքում հանդիպելով նրան, կատակով հարցրի՝ Համբարձում, ինչո՞ւ ես Մարիուս Յուզբաշյանին տարել քաղաքապետարան՝ նշանակել քեզ խորհրդական, այդ ի՞նչ խորհուրդներ պիտի քեզ տա նախկին ԿԳԲ-ականը։ Նա էլ ասաց, թե դու, Խաչիկ ջան, տեղյակ չես, պատմեմ իմացիր, թե ինչու ստիպված եղա նրան խորհրդականի պաշտոն տալ։
Ասաց՝ մի օր Լեւոնը ինձ կանչեց, ասաց՝ դու կարո՞ղ ես Մարիուս Յուզբաշյանին համոզել, որ մի հոդված գրի այն մասին, որ երբ սովետի ժամանակ դաշնակները գալիս էին այստեղ, ի՞նչ կապեր ունեին անվտանգության ծառայությունների հետ։ Ես էլ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնասենյակում հեռախոսով կապվեցի Մոսկվա՝ Յուզբաշյանի հետ եւ ասացի՝ Մարիուս Արամիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է, որ դու մի հոդված գրես ԿԳԲ-ի հետ դաշնակցականների նախկին կապերի մասին։
Նա էլ պատասխանեց, թե կգրեմ մի պայմանով, միայն եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ մի աշխատանք տա, վերադառնամ Հայաստան, ապրեմ ու աշխատեմ այդտեղ։
Համբարձումն ասաց՝ ես էլ դա փոխանցեցի Լեւոնին, Լեւոնը համաձայնվեց պայմանին։ Եւ հենց իր կաբինետից դուրս եկա, անմիջապես տոմս գնեցի ու թռա Մոսկվա։ Գնացի Յուզբաշյանի տուն, պայմանավորվեցինք, ինքն էդ հոդվածը սարքեց։ Բերեցի եւ այդ հոդվածը տպվեց «Հայաստանի Հանրապետութիւն»-ում եւ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ում։ Դա 1991-ի վերջին կամ 1992-ի սկիզբն էր։
Հետո պատմեց, որ տպվելուց հետո Յուզբաշյանը եկավ Հայաստան, ես էլ գնացի նախագահի մոտ, ասացի, որ նրան աշխատանքի տեղավորման խնդիր կա։ Բայց նախագահն ինձ երեք մատի կոմբինացիա ցույց տվեց։ Ես էլ խայտառակ վիճակի մեջ հայտնվեցի։ Եւ էլ ճար չկար, ստիպված նշանակեցի խորհրդականի պաշտոնում, քանի որ խոստացել էինք»,- հիշելով Հ.Գալստյանի պատմածը` նշեց Խ.Ստամբոլցյանը»:

«Չորորդ Ինքնիշխանություն» օրաթերթի պաշտոնական  www.chi.am կայքում հրապարակվծ հոդվածում ասվում է.«Երբ 10 տարի առաջ սպանվեց ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանը, անմիջապես Լ. Տեր-Պետրոսյանին ընդդիմադիր ուժերը կատաղի քարոզարշավ սկսեցին, թե իբր այդ սպանությունը իրականացրել էին ՀՀՇ-ականները, Վանո Սիրադեղյանը, մի խոսքով՝ հանցավոր ռեժիմը: Պատճառ էր բերվում այն, որ Յուզբաշյանը շատ լավ տեղեկացված էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մասին, գիտեր նրանց մութ կետերը եւ կարող էր դրանք հրապարակայնացնել:

Այսօր էլ այդ վարկածը Լ. Տեր-Պետրոսյանի դեմ ծավալված քարոզչության մեջ դեռ պտտեցվում է: Հատկապես սիրում են այդ թեմայով խոսել Դաշնակցությունը եւ հայտնի չեկիստ Գուրգեն Եղիազարյանը: Նրանք են միշտ հարցնում, թե ու՞մ էր ձեռնտու Մ. Յուզբաշյանի սպանությունը եւ իրենք էլ պատասխանում՝ իհարկե ՀՀՇ-ին:

Սակայն կա նաեւ մեկ այլ տեսակետ, շատ ավելի հիմնավորված, որ Յուզբաշյանի սպանության ետեւում կանգնած էին այն ուժերը, ում ձեռնտու չէր, որպեսզի ԿԳԲ-ի նախագահը հանկարծ Դաշնակցության գործունեության մասին փաստեր հրապարակեր: Քանզի Դաշնակցությունը՝ լինելով գաղտնի եւ բազմաճյուղ կազմակերպություն, գտնվում է մի շարք օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցության տակ: Դաշնակցության տարբեր թեւեր համագործակցում են կամ լիովին վերահսկվում ԽՍՀՄ-ի, հետագայում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի, Իսրայելի (տես՝ Սիրիայի Պետական Ապահովության Բարձրագույն Ատյանի դատավճիռը. խմբ.), Ֆրանսիայի հատուկ ծառայություների կողմից: Թե այդ համագործակցությունը կամ վերահսկողությունը Դաշնակցության վրա ինչ մասշտաբի էր հասել, վկայակոչում է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հակահետախուզության նախկին պետ Օլեգ Կալուգինը իր «Առաջին վարչությունը» գրքում:

Ահա այդ գրքի 193-րդ էջում Օլեգ Կալուգինը Դաշնակցություն կուսակցության եւ նրա ղեկավարության մասին հետեւյալ բացահայտումն է անում:

«Մենք որոշ հաջողություն ձեռք բերեցինք բալթյան էմիգրանտների կազմակերպությունների մեջ ներթափանցելու գործում, մասնավորապես Շվեդիայում: Լավ ցանց ունեինք ուկրաինական էմիգրանտների շրջանում, հատկապես Կանադայում, ուր տեղավորվել էր մի քանի միլիոն ուկրաինացի: Բայց էմիգրանտների այն կազմակերպությունը, ուր մենք ամենից ավելի լիակատար էինք թափանցել, հայ տարագիրների խմբավորումն էր՝ Դաշնակցությունը: Ժամանակին Դաշնակցությունը եղել է ընդգծված ազգայնական խմբավորում, որը պայքարում էր հայկական անկախ պետության համար: Ժամանակի ընթացքում մենք այնտեղ այնքան գործակալ տեղավորեցինք, որ ոմանք հասան ղեկավար դիրքերի: Մեզ հաջողվեց արդյունավետ կերպով չեզոքացնել խմբավորումը, եւ 1980-ականներին Դաշնակցությունը դադարել էր պայքարել Հայաստանում խորհրդային իշխանության դեմ: Կազմակերպությունը եւ նրա անդամներից ոմանք հավաքագրվել էին ՊԱԿ-ի կողմից: Տարիներ անց, 1992թ.-ին, երբ Դաշնակցության ղեկավարները եւ այլ հայ ազգայնականներ գրոհում էին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ բավարար չափով ազգայնական չլինելու համար, նախագահը (որի հետ ես մի քանի ընկերական խոսակցություն էի ունեցել) զանգահարեց մոսկովյան իմ բնակարանը: Նա ինձ խնդրեց օգնել կասեցնելու Դաշնակցության գրոհները, եւ ես նրան ու հայկական մամուլին տրամադրեցի 1970-ականներին էմիգրանտական այդ խմբավորման մեջ ՊԱԿ-ի խոր ներթափանցման մասին ինֆորմացիան»:

Այստեղից երեւում է, թե իրականում ով էր ավելի շահագրգռված Մարիուս Յուզբաշյանի սպանության գործում: Բնական է, որ Յուզբաշյանը շատ լավ գիտեր Դաշնակցության եւ ԿԳԲ-ի համագործակցության մասին, ակնհայտ է, որ դա հաստատող բազմաթիվ փաստեր ուներ, որոնց հրապարակումը կարող էր պարզապես կործանարար լինել Դաշնակցության համար, որովհետեւ այդ դեպքում, օրինակ, Լ. Տեր-Պետրոսյանը կարող էր Դաշնակցության մուտքը Հայաստան ընդհանրապես արգելել կամ 1994թ. Դաշնակցության կասեցման համար հիմք բերեր ոչ միայն «Դրոյի» առկայությունը, այլ նաեւ հենց համագործակցությունը ԿԳԲ-ի հետ:

Սա է պատճառը, որ մենք ենթադրում ենք, որ ՀՅԴ-ն աշխատելու է ձերբազատվել բոլոր նրանցից, ովքեր Դաշնակցության իրական գործունեության մասին ունեն բավական տեղեկություններ: Սա է պատճառը, ինչպես նշվել էր մեր թերթում, որ ՀՅԴ-ն ամեն կերպ փորձելու է վերացնել Սերժ Սարգսյանին, որը նույնպես իր պաշտոնավարության ժամանակ ձեռքերը չի ծալել եւ ՀՅԴ-ի գործունեության մասին քիչ բան չի իմացել: Ժամանակը ցույց կտա, թե որքանով է ճիշտ այս կանխատեսումը»

Դիտվել է 1,228 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy