«Գործ N 002». Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանությունը

HG_3Politik.am-ը շարունակում է «Գործ N» շարքը: Մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանի պատմության մեջ ամենաաղմկահարույց սպանությունները: Այս անգամ ներկայացնում ենք  Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանությունը:

1994 թվականի դեկտեմբերի 18-ին, Երևանի իր տան դիմաց սպանվում է Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը: Վերջինիս եղբայրը վազում է մարդասպանների հետևից, սակայն չի հասցնում փրկել Գալստյանին:

Այս սպանության կապակցությամբ կարծում ենք բավական կլինի այս պահին հրապարակել «Երկիր» օրաթերթի 1994 թվականի դեկտեմբերի 28-ին հրապարակված Արթուր Հովհաննիսյանի հոդվածը.

 

«Համբարձում Գալստյանի սպանությունից հետո մենք չմատնանշեցինք, թե ովքեր կամ հանրապետության քաղաքական որ ուժը ներկայացնողը կարող էին գնալ ու գնացին իրենց համար հույժ անցանկալի անձնավորությունից ազատվելու, միաժամանակ այդ կերպ քաղաքական սադրանք կազմակերպելու քայլին։ Կատարվածի առիթով մեկնաբանություններ ու հետեւություններ չարեցինք ոչ թե այն պատճառով, որ անիրազեկ էինք հանրապետության քաղաքական անցուդարձին։ Նման ծանր մեղադրանք ներկայացնելուց առաջ անհրաժեշտ էինք համարում որոշակի փաստեր ունենալը, որոնց պեղում-հայտնաբերումը իրավապահ մարմինների խնդիրն էր։

Հակառակ մեր զուսպ կեցվածքի, որոշ լրատվական միջոցներ, թերեւս, սպանության պատվիրատուներին հաճոյանալու համար այլ կերպ վարվեցին. առանց իրավական ու բարոյական ինչ–ինչ հիմքերի նրանք արդեն նշում էին սպանության պատվիրատուների նեղ շրջանակը, որում Դաշնակցության անունը հոլովելը համարում էին առաջնային։

Որ Հ. Գալստյանի սպանությունը ներկայիս վարչախումբը կփորձի ամեն կերպ կապել Դաշնակցության անվան հետ, սպասելի էր այդ իշխանություններից եւ կանխատեսելի թեկուզ հետեւյալ երկու հանգամանքներից դատելով։ Առաջինը, որ մի շարք հայտնի անձանց սպանություններից հետո սոսկ անորոշ խոստումներով հանդես եկող կամ հայտնողին դոլարներ խոստացող մեր իշխանություններն այս անգամ իրենց տարօրինակորեն վճռական պահեցին. ԱԱՊՎ-ի (նախկին ԿԳԲ–ի) պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանը Գերագույն խորհրդի դեկտեմբերի 21-ի նիստում պատգամավորներին խոստացավ Հ.Գալստյանին սպանողին 100 տոկոսով հայտնաբերել եւ ընդգծեց՝ ոչ թե 99, այլ 100 տոկոսով։

Տարրական տրամաբանություն էր անհրաժեշտ՝ հասկանալու, որ հանցագործը, որը, ըստ Դ.Շահնազարյանի, 100 տոկոսով հայտնաբերվելու էր, ներկայիս վարչախմբի կամ ՀՀՇ-ի մարդը չի լինելու (նման դեպքերում սովորաբար ասում են՝ հո իրենք իրենց չե՞ն «վառելու»)։

Հանցագործը կամ սպանության պատվիրատուն չեզոք մարդ նույնպես չէր կարող լինել, այդպիսի անձնավորությունն ինչո՞ւ պետք է սպաներ Հ.Գալստյանին։ Եվ միանգամայն ենթադրելի էր, որ նա, ում ուշ թե շուտ ներկայացնելու են որպես հանցագործ, ընդդիմություն կազմող այս կամ այն քաղաքական կուսակցության, իսկ որ ավելի հավանական է, ՀՅԴ անդամն է լինելու, քանի որ ընդդիմության ամենահզոր եւ իշխանությունների համար ամենաատելի ուժը ՀՅ Դաշնակցությունն է։ Ավելին, հանցագործին ոչ թե 99, այլ 100 տոկով հայտնաբերելու նման հայտարարություն հնարավոր էր միայն այն դեպքում, երբ հանցագործը կամ հանցագործները (սպանությանն աջակցած մյուս անձնավորությունը որպես հանցակից նույնպես հանցագործ է) նրան արդեն հայտնի էին կամ հայտնի էր թեկնածու քաղաքական կուսակցությունը, որի այս կամ այն անդամի հետ արհեստականորեն կապելու էին սպանությունը։

Եթե դեկտեմբերի 21-ին Դ.Շահնազարյանին հայտնի լիներ հանցագործը կամ թեկուզ նա, ով առնչվում էր սպանության հետ, ապա նույն օրն եւեթ պետք է որ այդ անձնավորության հետախուզում հայտարարվեր։ Սակայն նման բան տեղի չի ունեցել, որը հիմք է տալիս եզրակացնելու, որ այդ օրը, բացարձակ վստահաբար արտահայտվելով, այնուամենայնիվ, նա ամենեւին էլ իրական հանցագործին կամ հանցագործներին նկատի չուներ, այլ
թեկնածու քաղաքական կուսակցությանը (որոշակի՝ Դաշնակցությանը), որի անդամներից մեկի կամ մյուսի ընտրությունը ընդամենը օրերի հարց էր։

Հիշեցնենք նաեւ հետեւյալը. ըստ Պարույր Հայրիկյանի, նույն դեկտեմբերի 21-ին հենց ինքը՝ Դավիթ Շահնազարյանն է հայտնել, որ դեռ չգիտի, թե ով է հանցանքը կատարել։ Այդ դեպքում հասկանալի չէ՞, թե ինչ էր նշանակում սպանությունը «100 տոկոսով» բացահայտելու նրա խոստումը։

Երբ հանցագործը կամ Հ. Գալստյանի սպանության փաստին առնչվողը դեկտեմբերի 21-ին (խորհրդարանում Դ.Շահնազարյանի ելույթի օրը) արդեն հայտնի էր, հենց նույն օ՞րը պետք է հայտարարվեր հետախուզումը։ Չէ՞ որ հանցագործն իմանալով այդ մասին կարող էր փախչել կամ թաքնվել, ի վերջո, որոնում, հետախուզում հայտարարելու օրվա ընտրությունը իրավապահ մարմինների գործն է։

Անշուշտ, նրանց գործն է, բայց որպեսզի մյուս հարցերը ընթերցողին տարակուսելու առիթ չտան, այդ հարցերն եւս անպատասխան չթողնենք։ Նախ, նկատենք, որ առանց հաշվի առնելու «հանցագործի» թաքնվելու հանգամանքը, 2 օր անց, այնուամենայնիվ, հետախուզում հայտարարվեց, այսինքն՝ այդ գործելակերպը ոչ թե մերժելի, այլ ընդունելի համարվեց։

Կարող է թվալ, որ հետախուզումը ոչ թե դեկտեմբերի 21-ին, այլ 23-ին հայտարարելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մինչ այդ իրավապահ մարմինները փորձում էին Մ. Մանուկյանին անաղմուկ բռնել, իսկ երբ չհաջողվեց, դեկտեմբերի 23–ին ստիպված հետախուզում հայտարարեցին։ Իրականում այդպես չէ, քանի որ Մ.Մանուկյանին անաղմուկ (առանց հետախուզում հայտարարելու) բռնելու որեւէ փորձ չի կատարվել։ Ուրեմն, հետախուզումը ոչ թե 21-ին, այլ 23–ին հայտարարելը որեւէ կերպ չի պատճառաբանվում, բացի նրանից, որ խորհրդարանում հանցագործին 100 տոկոսով բռնելու խոստում տալու պահին Դ.Շահնազարյանին ոչ թե իրական հանցագործն էր հայտնի, այլ թեկնածու քաղաքական կուսակցությունը։

Հաջորդ հանգամանքը, որ թույլ էր տալիս ենթադրելու, թե Հ.Գալստյանի սպանությունը փորձելու են Դաշնակցության հետ կապել, ներկայիս վարչախմբին ծառայող մամուլով, թերեւս, կատարվող նախապատրաստական աշխատանքն էր։ Օրինակ, Հ.Գալստյանի սպանությունից ընդամենը 2 օր հետո «Առավոտ» թերթի (խմբագիր՝ ՀՀ նախագահի մամուլի նախկին քարտուղար Արամ Աբրահամյան) ս.թ. դեկտեմբերի 21-ի համարի առաջին էջում կար խմբագրական բնույթի, «Ահաբեկչություն» վերնագիրը կրող մի հրապարակում։

Դրանով փորձ էր արված այն միտքը զարգացնել, թե Հ.Գալստյանին սպանողները կարող էին ինչպես իշխանության մարդիկ լինել, այնպես էլ դաշնակցականներ կամ կոմունիստներ, քանի որ Հ.Գալստյանը ժամանակին այս երեքի դեմ էլ հանդես է եկել։ Այսպիսով, թերեւս մի կողմից փորձ էր արվում Դաշնակցության մամուլին հասկացնել, որ ձեռնպահ մնան Հ.Գալստյանի սպանության կապակցությամբ ներկայիս վարչախմբին մեղադրելու ակնարկներից, մյուս կողմից նախապատրաստվում էր հասարակական գիտակցությունը, որ վերջինս անակնկալի չգա, եթե հանկարծ պարզվի, որ Հ.Գալստյանին սպանողները դաշնակցականներն էին։

Դե, այդ դեպքում եկեք իսկապես բացենք չակերտները։

Իրոք, Հ.Գալստյանը ժամանակին եւ ներկայիս վարչախմբի դեմ է հանդես եկել, եւ Դաշնակցության, եւ կոմունիստների։ Բայց, եթե մարդուն «…դեմ հանդես գալու» համար են սպանել, հարկ է «մոռացողներին» հիշեցնել, որ Հ.Գալստյանը Դաշնակցության դեմ ամենեւին էլ այնպես, այն թափով, սրությամբ, խստությամբ, «դոզայով» հանդես չի եկել, ինչպես ներկայիս վարչախմբի, ՀՀՇ-ի կամ «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամների դեմ։ Համոզվելու համար պարզապես պետք է թերթել հայաստանյան մամուլի հատկապես այս տարվա հունիս-հուլիսյան համարները։ Եզրակացությունն արդեն կարելի է թողնել հասարակությանը՝ համեմատելու եւ համոզվելու, որ ներկայիս վարչախմբի, մասնավորապես հանրապետության փաստացի ղեկավարների դեմ նրա ելույթները, մերկացումները (ասածից առավելեւս՝ դեռ չասածը) վերջիններիս համար իսկապես վտանգավոր էին եւ են, մինչդեռ Դաշնակցության դեմ նրա (հիմնականում որպես իշխանության քննադատված անդամներից մեկի՝ Երեւանի քաղաքագլխի) ընդհանուր, որեւէ փաստ չպարունակող ելույթները ՀՅԴ-ի համար որեւէ վտանգ չէին կարող ներկայացնել։

Եվս մի էական հանգամանք. Հ.Գալստյանը այս տարվա հունիսին իր դստեր, հարազատների, մերձավորների անվտանգության առումով բացահայտ, հրապարակավ զգուշանում էր ոչ թե Դաշնակցությունից կամ, ասենք, կոմունիստներից, այլ հենց ներկայիս իշխանություններից՝ հավանաբար դրա համար ունենալով որոշակի հիմքեր։ Հիմքեր, որ նրան նույնիսկ դրդում էին իշխանությունների ապօրինությունների դեմ պայքարելու մասին խոսելիս պայքարի ձեւերի ենթադրվող բազմազանության մեջ նշել «նաեւ վենդետտան (արյան վրեժ…)»։

Ի վերջո, ներկայիս իշխանություններից իր հարազատների կյանքի, անվտանգության համար զգուշանալու այդ հիմքերն այնքան լուրջ էին ու շարունակում էին պահպանվել, որ Հ.Գալստյանը մահվանից մի քանի օր առաջ հայաստանյան մամուլի հետ ունեցած իր վերջին հարցազրույցում («Շրջան», 16.12.94թ.) դարձյալ իր անհանգստությունը, մտավախությունն էր արտահայտում մերձավոր հարազատներից մեկին (եղբորը) իշխանություններից սպառնացող հնարավոր վտանգի կապակցությամբ։ Հ.Գալստյանը առավել շատ մտահոգված էր իր հարազատների նկատմամբ հնարավոր ահաբեկչություններից կամ բռնություններից, քան թե իր անձի… Իբրեւ նախկին «Ղաբաբաղ» կոմիտեի անդամ, թերեւս, կարծում էր, թե ինքը, ինչպես եւ այդ կոմիտեի մյուս անդամները, անձեռնմխելի է։ Նա սխալվեց։

Կարծում ենք, նրան սպանեցին ոչ միայն ոմանց կամ քաղաքական ինչ-ինչ ուժի դեմ երբեւէ հանդես գալու, այլեւ կյանքի համար վտանգավոր ինֆորմացիայի տիրապետելու համար։ ՊԱԿ-ի նախկին պետ Մ. Յուզբաշյանին, կարծում ենք, նույնպես սպանեցին հենց այս վերջին հանգամանքի համար, քանզի նա, լինելով բավականին զուսպ, քաղաքական որեւէ ուժի դեմ հանդես չէր գալիս։ Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել նաեւ, որ եթե չլիներ սպանությունը, Հ.Գալստյանը, ինչպես կարելի է տեղեկանալ «Լրագիր» թերթի ս.թ. դեկտեմբերի 15-ի (սպանությունից երկու օր առաջ) համարում տպագրված «Համբարձում Գալստյանը հաջողակ բիզնեսմեն է նաեւ Մհսկվայում» հրապարակումից, առաջիկա օրերին պատրաստվում էր տեղափոխվել Մոսկվա. ապրել եւ տնտեսական գործունեությամբ զբաղվել այնտեղ։ «Երեւանից մեկնելուց առաջ նրան հաջողվել է Արդշինբանկից «հանել» «Տիեզերք» սահմանափակ պատասխանատվության ընկերության հաշվեհամարում եղած 80 հազար դոլարը»։ Այս հանգամանքը համոզչորեն վկայում էր, որ առաջիկա օրերին նա իսկապես Երեւանից տեղափոխվելու էր Մոսկվա։ Եվ հրապարակումը, եւ այս հանգամանքը, անշուշտ, հայտնի էին նրա սպանությունը կազմակերպողներին, եւ ճակատագրական գնդակներն արձակվեցին մինչեւ Հայաստանից հեռանալը։ Մոսկվայում, համեմատական անվտանգության մեջ, նա գուցե կասեր մինչ այդ չասվածը՝ ոմանց համար աներեւակայելիորեն վտանգավոր։

Սա է անցյալը, սա է իրողությունը։ Իսկ այժմ ԱԱՊՎ-ի քննչական մեկուսարանում են պահում ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Միքայել Մանուկյանին, որը առնչություն չունի Հ.Գալստյանի սպանության հետ։ Արդեն հասկանալի է, թե ինչու են ՀՅԴ անդամի ընտրել, իսկ ազատամարտիկի են ընտրել, որպեսզի ժողովրդին հավաստի թվա նրա զենք ունենալու եւ կրակելու ունակ լինելու «վերսիան»։ Դժվար չէ պատկերացնել ներկայացվող մեղադրանքի անհեթեթությունից քմծիծաղող, ապա զայրույթից ատամները սեղմող ընթերցողին։ Բայց չի՛ հաջողվելու ապացուցել մեղքը, որովհետեւ մարդն իսկապես անմեղ է։ Ծայրահեղ դեպքում՝ կտտանքներով, հոգեներգործուն ինչ-ինչ պրեպարատների ներարկմամբ նրանից հնարավոր է Հ.Գալստյանին սպանելու կամ սպանությանը հանցակցելու «խոստովանություն» կորզել, բայց դա դեռ շատ քիչ է լինելու՝ չեղած մեղքն ապացուցելու համար։ Եվ պատահական չէ, որ Մ. Մանուկյանը ԱԱՊՎ-ի հատուկ հայտարարության մեջ ոչ թե Հ.Գալստյանին սպանող է ներկայացված (իրենք էլ համոզված չեն, որ կարող են ապացուցել, ապացուցեցին՝ լավ, չապացուցեցին՝ սովորական մի խայտառակություն), այլ Հ. Գալստյանի սպանության փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործով հետախուզվող, ինչն ավելի զգուշավոր ձեւակերպում է։

Ի վերջո, ոչ միայն Մ.Մանուկյանին նշված սպանության հետ կապելն է անհեթեթ, այլեւ զանգվածային լրատվության որոշ միջոցների կողմից տարածված եւ տարածվող այն կարծիքը, թե Հ.Գալստյանի սպանությամբ Դաշնակցությունը փորձում է ապակայունացնել հանրապետության ներքաղաքական վիճակը։ Այս դեպքում պարզապես միայն մի հարց պետք է տալ. ո՞ւմ էր դա ձեռնտու…Իհարկե (հասարակությունը նույնպես չի տարակուսի), Դաշնակցությանը դա հաստատապես ձեռնտու չէր, մի՞թե կարող էր ձեռնտու լինել քաղաքական հայտնի, բայց իր համար միանգամայն անվտանգ գործչի սպանությունը, հետո հետախուզվողի կամավոր ներկայանալը եւ, ի վերջո, մեղքն ապացուցելուց հետո, եթե իսկապես Մ. Մանուկյանը մեղավոր լիներ, իբրեւ այս ամենի տրամաբանական ավարտ, կուսակցության գործունեության դադարեցումը։ Ճիշտ հակառակը՝ նման սադրանքը կարող էր ձեռնտու լինել այսօր իշխող քաղաքական ուժի հարց լուծող անդամներին, որոնք զգալով, որ խորհրդարանի առաջիկա ընտրություններում առանց կեղծիքի հաղթանակելու հույս չունեն, այժմվանից կարող էին գնալ նման սադրանքով Դաշնակցության «վնասազերծման» քայլին։ Մի ուժի, որը հաստատապես հանդես է գալու, խոչընդոտելու է նման կեղծիքներ թույլ տալու պարագայում։ Իրադարձությունների զարգացման ընթացքը հուշում է, որ ընտրված է ՀՅԴ-ին քրեական հաշվեհարդարի ենթարկելու, քաղաքական հարցերն այս կերպ լուծելու տարբերակը։ Համեմատության համար հիշենք, որ ինչպես ԽՍՀՄ–ում, այնպես էլ ժողովրդավարական հորջորջվող այժմյան Հայաստանում քաղաքական մեղադրյալներին, ի վերջո, ազատազրկում էին եւ ազատազրկում են քրեական մեղադրանք ներկայացնելով։ Ծանոթ գործելակերպ է, ծանոթ «ձեռագիր»։

Ինչ լուրեր էլ առաջիկայում տարածելու լինեն պաշտոնական լրատվության միջոցները Մ. Մանուկյանի, Դաշնակցության, Հ.Գալստյանի սպանության կապակցությամբ, միեւնույն է, ժողովրդին մոլորեցնել չի հաջողվի, քանզի ժողովուրդը լավ գիտե, որ ՀՅԴ-ն, ջատագովը լինելով եւ հայրենանվեր գործունեությամբ իր նպաստը բերելով Հայոց պետականության կայացմանը, մերժում է քաղաքական սպանությունը որպես միջոց, որպես ձեւ։ Սպանությունը թուլության եւ անկարողության նշան է»:

Լուսանկարը «Մեդիամաքս» գործակալության

Դիտվել է 803 անգամ
 


Այս թեմայով