Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք. քաղաքը նոր շունչ է առել

Դեռ մեկ տարի է ինչ Սյունիքի մարզի  Գորիս համայնքի ղեկավար է ընտրվել երիտասարդ գործարար Առուշ Առուշանյանը, սակայն քաղաքի կյանքը էականորեն փոխվել է ու  բազմաթիվ ծրագրեր են իրականցվել և իրականացվում:  Գորիսում այս տարի միջազգային մեծ իրադարձություն է սպասվում՝ քաղաքը դարձել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք  ու այս հանգամանքը նոր երանգ է տվել քաղաքի կյանքին:

Politik.am-ի զրուցակիցն է  Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ում հետ խոսել ենք կատարված  աշխատանքներից, առաջիկա պլաններից և քաղաքի մշակութային կյանքից: Հարցազրույցը ստորև.

Պարոն Առուշանյան, մեկ տարի է ինչ ընտրվել եք Գորիս համայնքի ղեկավար: Մինչ ձեզ քաղաքում կարծես որևէ էական աշխատանք չի կատարվել: Մենք գիտենք, որ բազմաթիվ աշխատանքներ են կատարվել Ձեր ղեկավարման մեկ տարում կխնդրենք մանրամասնեք, թե ի՞նչ աշխատանքներ են արվել:

-Իսկապես, բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել, սակայն ես մի քանի խոշոր նախաձեռնությունների մասին կխոսեմ, որոնք համայնքի տնտեսական զարգացման առումով լուրջ հեռանկարներ են ստեղծում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հսկայական ներդրումներ են արվել համայնքի բարեկարգման, հանգստի գոտիների, ժամանցի վայրերի ստեղծման համար: Այն լայնածավալ շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են և ընթացքի մեջ են, մեկ նկապատակ ունեն՝ հարստացնել ենթակառուցվածքները, ստեղծել հարմարավետ միջավայր ներդրումների, բիզնեսի զարգացման համար: Մյուս կողմից՝ մենք պարտավոր ենք ստեղծել պայմաններ, որպեսզի մեր համայնքի բնակիչը արժանապատիվ պայմաններում ապրի: Այս պահին համայնքի տարբեր հատվածներում հիմնովին նորոգման աշխատանքներ են իրականացվում: Կենտրոնական հրապարակին հարող տարածքը բարեկարգվում է՝ շուրջ 87 882 380  ՀՀ դրամի շրջանակներում: Առաջիկայում կմեկնարկեն Դիտակետի և հարակից ճանապարհի վերակառուցման աշխատանքները/ 148,217,218 ՀՀ դրամ շրջանակներում: Նախատեսվում է բարեկարգել նաև Մշակույթի տան հարակից ճեմուղին/ 53 514 900 ՀՀ դրամ: Հսակայն աշխատանաքներ են իրականացվում նաև համայնքի տարբեր բնակավայրերում, խմելու, ոռոգման ջրի ներքին ցանցի հիմնանորոգում, Վերիշեն և Ակներ բնակավայրերն իրար կապող կամուրջն է 18մլն դրամի շրջանակներում նորոգվում: Ներհամայնքային ճանապարհների բարեկարգում, գիշերային լուսավորության ծածկույթի ավելացում, բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավում: Որևէ ոլորտ չկա, որը մեր ուշադրությունից դուրս է: Գորիսը շարունակում է մնալ Հանրապետության միակ քաղաքը, որտեղ հանրային տրանսպորտն անվճար է գործում: Ես առավելապես ուրախ եմ այն փաստի համար, որ այսօր բազմաթիվ ներդրողներ հետաքրքված են մեր համայնքով և արդեն հստակ ծրագրեր են սկսվել: Միայն տեղացի գործարարների ջանքերով շուրջ 160 մլն դրամ է ներդրվել Հին զանգեր հուշարձանի վերակառուցման համար: Արդեն ունենք առաջարկներ հարակից տարածքները հանգստի գոտու վերածելու, նոր ծառայություններ հիմնելու համար՝ այդ թվում կինոդիտման սրահի կառուցում, հյուրանոցային, սրճարանային բիզնեսի զարգացում: Մեզ համար սա կարևոր է, երբ ներդրղները վստահաբար տեսնում են. որ բիզնեսի համար ստեղծվել է արդար միջավայր:

Այս տարի Գորիսը լինելու է նաև ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Սա շատ մեծ և պատվաբեր միջոցառում է: Այս մասով ի՞նչ անելիքներ կան ու ինչպիսի՞ն է զբոսաշրջիկների հոսքը դեպի Գորիս:

-Տարին մշակութային կյանքի աշխուժացման առումով իրադարձային է լինելու և մեր բարեկարգման այս լայնածավալ աշխատանքները նաև նպատակ են հետապնդում ստեղծել միաջավայր համայնք այցելող հյուրերին պատշաճ ներկայանալու համար: Ինչ խոսք, բացի մշակութային եռուզեռից, մենք ակնկալում ենք որ բազմաթիվ հյուրերի այցը նոր ծրագրերի, փոխգործակցության, համատեղ նախագծեր մշակելու և կյանքի կոչելու հնարավորություն է ընձեռելու: Մյուս կողմից՝ մշակութային մի շարք միջոցառումներ հիմք կդնեն նոր ավանդույթների ձևավորման և շարունակականության ապահովման համար: Շատ մեծ աշխատանք է տարվել նաև գովազդային նյութերի պատրաստման, մեր համայնքը ներկայացնելու առումով, ուստի վստահ եմ, որ այս տարի մի քանի անգամ ավել հյուրեր ենք ունենալու, ովքեր հետագայում ևս զբոսաշրջիկների հոսք են ապահովելու:

Պարոն Առուշանյան, վստահ ենք, որ այս մեկ տարվա ծրագրերով չեք սահմանափակվելու: Կխնդրենք մեր ընթերցողների համար մի փոքր բացել փակագծերը ի՞նչ նոր աշխատանքներ են արվելու Գորիս համայնքում:

-Մեր ուշադրության կենտրոնում նախ և առաջ մեր համայնքի բնակիչն է, մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է նպաստենք բնակչի սոցիալական պաշտպանվածության ապահովմանը, կյանքի որակի բարելավմանը: Խնդիրները շատ են, իսկ մենք հնարավոր ամեն ինչ պետք է անենք դրանք աստիճանաբար լուծելու համար: Մի կողմից պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի ներդրումային միջավայր ստեղծենք և արդյունքում նոր աշխատատեղեր լինեն, մյուս կողմից՝ կոնկրետ քայլեր պիտի ձեռնարկենք համայնքում առկա առաջնահերթ խնդիրները լուծելու համար: Բակերի նորոգում, կահավորում, տանիքների նորոգում, ներհամայնքային ճանապարհներ, այս և բազում այլ խնդիրներ օրակարգում են և մենք հետևողականորեն փորձում ենք ընթաց տալ դրանց լուծմանը:

Զրուցեց՝  Բորիս Մուրազին

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache