ԳՇ պետի դեմ մարտի 1-ի գործով քրեական գործ կարող է հարուցվել

Սեպտեմբերի 11-ին, երբ համացանցում հայտնվեց ԱԱԾ պետի և ՀՔԾ ղեկավարի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, բոլորի ուշադրությունը գրավեց խոսակցության այն հատվածոը, որտեղ նշված պաշտոնյաները խոսում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին և քննարկում էին, թե ինչ պետք է անի գործը քննող դատավորը։

Իհարկե, խոսակցության այդ հատվածը կարևոր էր, բայց մեր ուշադրությունը գրավեց հեռախոսազրույցի մեկ այլ հատված ևս։  Հեռախոսազրույցի վերջում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հիշատակում է ևս մեկ անձի, ում վերաբերյալ ևս իրավապահ մարմինները աշխատանքներ են իրականացնում։ Ահա հեռախոսազրույցի այդ հատվածի սղագրությունը․

«Վանեցյան- Իսկ բանը, իսկ էն բանին էլ ըտեղ մի բան արա, էն…

Խաչատրյան- Հա, էն որ ասիր:

Վանեցյան-Խաչատուրովի տեղակալի:

Խաչատրյան-Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ էլի:

Վանեցյան-Հա, տեղակալն ա օպերատիվ մասով»:

Խոսակցության այս հատվածը հետաքրքիր է նրանով, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին  ղեկավար Յուրի Խաչատուրովի օպերատիվ գծով տեղակալն այս պահին ևս պետական բարձր պաշտոն է զբաղեցնում։ Խոսքը 2007 թվականին ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ նշանակված Արտակ Դավթյանի մասին է, ով հեղափոխությունից հետո 2018 թվականի մաիսի 24-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ։

Եվ այստեղ հետաքրքրական հարց է առաջանում՝ եթե 2008 թվականին բանակի օգտագործմամբ Հայաստանում սահմանադրական կարգ է տապալվել, եթե դրան մասնակից է եղել նաև այն ժամանակ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Արտակ Դավթյանը, ապա ինչպե՞ս են նրան նշանակել ԳՇ պետ։

Առնվազն այս նշանակումը կասկածելի է դարձնում բանակի ներգրավման մեղադրանքը։ Դժվար է պատկերացնել, թե  ինչպես են սահմանադրական կարգի տապալման մասնակցի ենթակայության տակ դնում ամբողջ բանակը ։ Բայց մի բան հստակ է, որ  ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի ասած  «բան անելը» քրեական գործ հարուցելն է մարտի 1-ի գործով, իսկ թե երբ կիմանանք այդ մասին, դեռևս պարզ չէ։

Այս թեմայով