Գյումրու քաղաքապետը հրաժարվում է իր աշխատավարձից

Samvel-Balasanyan01-e1346419325263Երդվում եմ՝ որպես Գյումրու քաղաքապետ աշխատավարձ չեմ ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում բնակվող թեկուզ մեկ գյումրեցի. այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հանդես գալով տեսաուղերձով, որը հեռարձակել է Ցայգ մարզային հեռուստատեսությունը:

 Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ինքը ներկայացնելու է «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի համար անհրաժեշտ է թափանցիկ հիմունքներով գործող հիմնադրամ:

«Այս նպատակի համար կկազմակերպվի դրամահավաք»,-նշում է նա և շեշտում, թե հիմնադրամում առաջին ներդրումը ինքը կանի և բնակարան կնվիրի բազմազավակ մի ընտանիքի՝ վիճակահանության սկզբունքով:

 Սամվել Բալասանյանը նշում է, որ 27 տարի է անցել 88-ի աղետից և դեռ մոտ 8000 գյումրեցիներ ապրում են անմարդկային պայմաններում:

 Ըստ նրա՝ գլխավորը տնակներում բնակվող գյումրեցիների հարցն է, իսկ քաղաքային բյուջեով այդ հարցը հնարավոր չէ լուծել, քանի որ 40- 50 մլն դոլար է անհրաժեշտ, որպեսզի բոլորն ապահովվեն բնակարաններով:

 «Իրավունք չունենք սպասելու. Գյումրին պետք է իր մեջ ուժ գտնի, համախմբվի, և գլխավոր խնդրի շուրջ պետք է համախմբել նաև համայն հայությանը ՀՀ-ում և Սփյուռքում»,-նշում է նա:

Դիտվել է 111 անգամ
 


Այս թեմայով