Home » ՄԱՄՈՒԼ » Գյումրիի արյունոտ ֆոնի վրա ոստիկանին պարգևատրել բնակարանո՞վ…

Գյումրիի արյունոտ ֆոնի վրա ոստիկանին պարգևատրել բնակարանո՞վ…

vovՀունվարի 15-ին Գյումրիում ցուցարարների հետ բախումների ժամանակ վիրավորվել էին բազմաթիվ անձինք, այդ թվում ոստիկաններ: Ավելորդ անգամ հիշեցնեմ, որ ոստիկանները կարգ էին պաշտպանում ոչ թե հանցագործներից, թշնամիներից, այլ սուգը երեսներն առած ու իրենց մեծ գերդաստանում գիշերով փրթված մի ընտանիքի հայրենակիցներից, ովքեր արդարություն էին պահանջում: Ովքեր պահանջում էին, որ հանցագործը հանձնվի Հայաստանին: Եվ ահա գյումրեցիների հետ բախված և վիրավորված ոստիկանության մայորին ՀՀ ոստիկանապետը պարգևատրել է բնակարանով: Ինչի՞ համար: Առաջինն այդ հարցն է մարդու մտքում առաջանում: Ո՞ր հերոսության, մարտական սխրագործության: Սա չի՞ դառնա նախադեպ, որ ամեն անգամ ժողովրդական ընդվզումները ուժով ճնշող ոստիկանները կամ առավել ծառայություն մատուցած ոստիկանը պարգևատրվի, խրախուսվի: Թող խրախուսվեն, ես դեմ չեմ, բայց ոչ թե այս արյունոտ ու բազում հարցականներով խճճված պատմության թարմ ֆոնի վրա: Երբ դեռ պարզ չէ, թե ով և ինչու մի խաղաղ գիշեր մորթեց մի ողջ ընտանիք: Երբ դեռ պարզ չէ ոչ պատվիրատուն, ոչ կատարողները: Երբ դեռ բոլորը պտտվում են այս պատմության շուրջ, ու ոչ մեկը բուն պատմությանը չի մոտենում: Ու կողքից, այնպե՜ս ճչում է, որ դեռ մի ողջ հավիտենություն, ինչպես կրակի շուրջ, պտտվելու են այս պատմության շուրջ ու չեն մոտենալու՜…

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Դիտվել է 211 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy