Գլխավոր դատախազությունը վաղուց է քրգործ հարուցել «Բաղրամյանի գործով»

39Բաղրամյան պողոտայում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ քրգործը հարուցվել է դեռևս հուլիսի 2-ին. Գլխ. դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ 2015թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքը ցրելու ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է դեռևս հուլիսի 2-ին։

Հաղորդագրությունում ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազությունում 2015թ. հուլիսի 14-ին ստացվել է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նամակը, որով նախաձեռնության հեղինակները խնդրել են, նամակում նշված փաստերի հիման վրա հարուցել քրեական գործ՝  պատշաճ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնել նախաքննության նկատմամբ, ոստիկանության գործողություններին տալ իրավական գնահատական և պատժել մեղավորներին:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ նամակում բերված փաստերի, այն է՝ 2015թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով  իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում,  պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից, իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում հավաքի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու,  մարմնական վնասվածքներ պատճառելու,  դիտավորությամբ  գույքը ոչնչացնելու միջոցով  լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսաձայնագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի գրությունը, դեռևս հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք  տալու համար:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ենթադրաբար կատարված,  ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ, 185-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ դեռևս հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝

1. ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով),

2. 164-րդ հոդվածի 2-րդ մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը` որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով)
3.  185-րդ հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել):

ՀՀ գլխավոր դատախազությունը, նկատի ունենալով, որ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նամակում նշված փաստերի առթիվ արդեն իսկ կա հարուցված քրեական գործ, այնուամենայնիվ, վերոնշյալ նամակն ուղարկել է նախաքննությունն իրականացնող մարմնին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը»:

Դիտվել է 25 անգամ
 


Այս թեմայով