Home » Real Politik » Գլխավոր դատախազը ճաղավանդակների «ցեխ է դնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը

Գլխավոր դատախազը ճաղավանդակների «ցեխ է դնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը

նիկոլԻնչպես արդեն տեղեկացրել էինք խորհրդարանում ընթանում է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի թեկնածության քննարկումը, պատգամավորները հարցադրումներով են հանդես գալիս: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Դավթյանի այն մտքին, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան.

«Ես կարդացի ձեր դիրքորոշումը, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, այն հայտարարել էիք լրագրողների հետ զրույցում, իսկ ձեր կարծիքով ՀՀ-ում քաղաքական չբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Եթե քաղաքական բանտարկյալ է համարվում նա, ում քրեական պատասխանատվության են ենթարկում քաղաքական դրդապատճառներով, հետեւաբար, քաղաքական չբանտարկյալ պետք է համարվի նա, ում քրեական պատասխանատվության չեն ենթարկում էլի քաղաքական դրդապատճառներով, օրինակ, որ Սերժ Սարգսյանի հետ ունի մտերիմ հարաբերություններ: Առավոտյան, որ այնտեղ նստած էիք եւ նայում էիք դահլիճին»,- ասաց Փաշինյանը՝ ձեռքով ցույց տալով կառավարության անդամների համար նախատեսված վայրը, ապա շարունակեց.

«Չնկատեցի՞ք էն հատվածում քաղաքական չբանտարկյալների»,- հարցրեց նա՝ ցույց տալով՝ ՀՀԿ-ականների հատվածը: Փաշինյանը հիշեցրեց նաեւ, որ Դավթյանը «Հարսնաքարի» գործով մեղադրող դատախազ է եղել եւ հետաքրքրվեց՝ այդ գործով «նման մարդկանց հետ առնչություն ունեցե՞լ է, թե՞ ոչ»:

«Հանգամանքների բերումով Հատուկ քննչական ծառայությունում էի եւ մեծ զարմանք ապրեցի, տրամաբանական չթվաց, որ ՀՔԾ քննիչի սենյակում կախված է Սերժ Սարգսյանի նկարը, ՀՔԾ-ն անկախ մարմին է եւ, ենթադրաբար, եթե պետության ամենաբարձրաստիճան դեմքերը քրեական հանցանք են կատարում, դրանց քննությամբ այդ մարմինն է զբաղվելու, այո՞: Դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ դատախազությունն անկախ մարմին է, ինձ հետաքրքիր է հետեւյալը՝ ինչպե՞ս եք վերաբերվում  նրան, որ ՀՔԾ քննիչի սենյակում Սերժ Սարգսյանի նկարն է կախված: Գլխավոր դատախազ ընտրվելու դեպքում արդյոք պատրաստվո՞ւմ եք Սերժ Սարգսյանի նկարը կախել ձեր գլխավերեւում: Գեւորգ Կոստանյանը հրաժարական տվեց առողջական խնդիրների պատճառաբանությամբ, ինչպիսի՞ն է ձեր առողջական վիճակը, սա ասում եմ առանց որեւէ էլեմենտ դնելու, հնարավո՞ր է պարզվի դուք էլ առողջական խնդիրներ ունեք եւ պետք է հրաժարական տաք»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն ասաց, որ հարցերին կանդրադառնա հնարավորինս մասնագիտորեն, ապա համաձայնեց, որ քաղբանտարկյալների վերաբերյալ իր տեսակետը չի փոխվել. ՀՀ-ում քաղաքական հայացքների համար ձերբակալվածներ չկան:

«Նկարի առումով, այո, ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում փակցված է հանրապետության նախագահի նկարը, կարծում եմ՝ ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրությունը ձեր այդ հարցի համապատասխան պատասխանը կտա: Շնորհակալ եմ իմ առողջական վիճակով հետաքրքրվելու համար, թեեւ հասկանում եմ՝ ինչի մասին է խոսքը, ես առողջ եմ եւ աշխատելու եմ առողջ մնամ, որպեսզի իմ պարտականությունները, որոնք պատրաստվում եմ ստանձնել, իրականացնեմ»,- ասաց Դավթյանը:

Դիտվել է 184 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy