Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գիշերը Ազատության հրապարակից 7 անձ բերման է ենթարկվել

Գիշերը Ազատության հրապարակից 7 անձ բերման է ենթարկվել

E1F785D9-8974-44F3-AA6A-145164D47575_w640_r1_sՈստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի լույս 27-ի գիշերը, իրավախախտում կատարելու կասկածանքով, վարչական կարգով, Երևանի Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են տարվել յոթ անձինք, որոնցից երկուսը՝ անչափահաս աղջիկներ:

«Ժամը 1.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին հեռախոսային ահազանգով դիմած քաղաքացի Թինա Ն.-ն հայտնել է, որ Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանում, մի խումբ անձինք օգտագործում են ոգելից խմիչքներ և բարձրաձայն հայհոյում։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել ահազանգով ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով: Վարչական զննությամբ պարզվել է, որ «շուրջօրյա հավաքի» մասնակիցները հասարակական վայրում օգտագործում են ոգելից խմիչքներ», – ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հարուցվել է վարչական վարույթ:

«Իրավախախտման վայրից վերցվել են 20 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, օղու 3 և վիսկիի 1 կիսադատարկ շշեր: Պարզվել է նաև, որ բերվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել և ներկայումս գտնվում է քրեական հետապնդման մեջ՝ գողություններ կատարելու մեղադրանքով: Անչափահաս աղջիկներից մեկը կողոպուտ կատարելու կասկածանքով նույն օրը բերման էր ենթարկվել ոստիկանություն, կողոպուտի առարկա հեռախոսը առգրավվել էր: Հարուցված է քրեական գործ: Քրեական հետապնդման մարմնի կողմից ստորագրությամբ ազատ արձակվելուց հետո նա անմիջապես միացել էր հավաքի մասնակիցներին», – ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ բոլոր բերվածներն այս պահի դրությամբ ազատ են արձակվել:

«Սակայն իրավիճակն արմատական փոփոխության կարիք ունի: Ակնհայտ է, որ «շուրջօրյա հավաքի» վայրը վերածվել էր մի տարածքի, որ իրեն էր ձգում նաև հակահասարակական հակումներով անձանց», – հայտարարում է Ոստիկանությունը՝ հիշեցնելով, որ Երևանի քաղաքապետի որոշումներով արգելված էր Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքների ընթացքում օգտագործել վրաններ:

«Ոստիկանությունը, սակայն, տևական ժամանակ դրսևորել էր հանդուրժողականություն՝ չխոչընդոտելով վրանատիպ ծածկոցի տեղադրմանը: Հանրային վայրում իրավախախտումը նախականխելու նկատառումով ոստիկանությունն ապամոնտաժել է վրանատիպ ծածկոցը», – ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է 73 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy