Գերմանիայի հայ ակադեմիականները կոչ են անում սառեցնել կապերը ՀՀ իշխանությունների հետ

AAV-LOGO-768x482Տարվա մեծագույն սկանդալը` ռազմաքաղաքական գործիչ, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, ժողովրդական ձայնի և խղճի դրոշակակիր Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, ՀՀ-ում բարոյահոգեբանական մերօրյա գորշ մթնոլորտի, ադրբեջանական դեմարշի, սպառազինության աննախադեպ ընթացքի և նրա կողմից մեր հայրենիքի մի մասի գրավման ներկա պայմաններում հայության բոլոր չափանիշներով համարում ենք մեծագույն ոճիր և դատամոլ իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հաղթանակների ու անպարտելիության խորհրդանիշին:

Տոկուն զորահրամանատարի և պետական գործչի հանդեպ կատարվող սույն չարագործությունն ու շարունակվող քաղաքական թատրոնը հանդուգն մարտահրավեր է ազնվությանն ու ժողովրդին նվիրված ապրելու գաղափարին, խիստ մեղադրելի հաշվեհարդար է ժողովրդական ձայնի և խղճի նկատմամբ և Հայրենիք-Սփյուռք կամրջի գիտակցված քանդում է նշանակում:

Ժիրայր Սեֆիլյանին չեզոքացնելը մեր այս զգայուն օրերին հավասարազոր է Արցախը հանձնելու գործընթացի սկիզբը հայտարարելուն և նրա անազատության մեջ գտնված յուրաքանչյուր րոպեն Արցախի անվտանգության թուլացման և մեր ժողովրդի ոգու կոտրման րոպեն է:

Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միության վարչությունը կոչ է անում իր անդամներին, գերմանահայ համայնքներին ու կազմակերպություններին, բայց նաև իր բոլոր ազնիվ հայրենակիցներին, ում համար թանկ են հայրենի երկրի ճակատագիրն ու ժողովրդի իղձերը, հենց այսօրվանից և այնքան ժամանակ, քանի դեռ Ժիրայր Սեֆիլյան նվիրյալը անազատության մեջ է, սառեցնել բոլոր տեսակի կապերն ու հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ, բոլոր հնարավոր բեմերից պայքարել, պահանջել և քարոզել մեղազուրկ հերոսին վայրկյան առաջ ազատ արձակելու գաղափարը,  ինչպես նաև դադարեցնել քաղաքական հալածանքները հայրենի երկրում:

Ժեռ բանտից Մհերը դուրս պետք է գա, այն էլ սպիտակ նժույգին հեծած:

Հարգանքներով`

Հայ Ակադեմիականների Միություն 

Դիտվել է 3,318 անգամ
 


Այս թեմայով