Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտրությունների հաղթողներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԿԸՀ-ն բոլոր՝ 299 ընտրատարածների ձայների հաշվարկի արդյունքներով։

Դաշինքը հավաքել է 33 տոկոս ձայն։ Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 20.5 տոկոսը, ինչը հանդիսանում է քաղաքական միավորման վատագույն ցուցանիշը։ Ավելի վաղ Մարտին Շուլցը ճանաչել էր պարտությունը՝ հավելելով, որ դրա պատճառ է տեսնում այն, որ սոցիալ-դեմոկրատները չեն կարողացել հասնել իրենց ավանդական ընտրողին։

Եռյակը եզրափակում է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունը, որն առաջին անգամ է ներկայացվում խորհրդարանում։ Այդ ուժի օգտին քվեարկել է ընտրողների 12.6 տոկոսը։

Բացի այդ, Բունդեսթագում կներկայացվեն ևս 3 կուսակցություններ, որոնք հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Դրանք են Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Ձախերը», «Կանաչները» (համապատասխանաբար՝ 10,7, 9,2 և 8,9 տոկոս)։

 


Այս թեմայով