Գերի ընկած ծերունին հարազատներին նամակ է գրել

Հունվարի 28-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, հատելով սահմանը, գերի էր ընկել Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անմիջապես հայտարարություն տարածեց, թե գերեվարված 77-ամյա վերինկարմիրաղբյուրցի Մամիկոն Խոջոյանը հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ է: Դրան հաջորդեց հերքումը: Պարզվեց՝ գերին մի ծեր մարդ է, որը նաեւ առողջական խնդիրներ ունի:

Մամիկոն Խոջոյանին ընտանիքի անդամները նամակ են գրել եւ գիտեն, որ իրենց նամակը տեղ է հասել։ «Նամակ ենք գրել Մամիկոնին, որը նրան է հասել, եւ անհամբեր սպասում ենք պատասխանի»,- ասաց Մամիկոն Խոջոյանի մեծ որդու կինը՝ Անահիտ Խոջոյանը։ Տիկինը տեղեկացրեց, որ առաջին դեպքը չէ, երբ ամուսնու հայրը տնից հեռանում է։ «Մեկ տարի առաջ էլ Ռուսաստանի Լիպեցկի մարզում գտնվող աղջկա տնից էր դուրս եկել եւ մոտ 150 կմ ոտքով քայլել։ Ոստիկանները գտան, եւ համապատասխան քայլեր ձեռնարկելուց հետո, առանց խնդիրների, վերադարձավ Հայաստան»,-ասաց տիկին Խոջոյանը՝ հավելելով, որ այժմ որդու հետ միասին բնակվում էր գյուղում։ Խոջոյանը գյուղում հողագործությամբ էր զբաղվում եւ, ինչպես հարազատներն են ասում, մշակած բերքով ընտանիք պահում։ 6 երեխաների հայրը 3 տարի առաջ ընկել է եւ գլխին հարված ստացել, այդ վնասվածքից հետո ժամանակ առ ժամանակ առողջական խնդիրներ է ունենում։ «Հարվածից հոգեկան շեղում է առաջացել, բայց ամիսներով կարող է մեզ նման ապրել»,-ասաց տիկին Անահիտը։ Հարազատները միայն տեղյակ են, որ Մամիկոն Խոջոյանը, սահմանն անցնելով, թեւը կոտրել է, սակայն առաջին բուժօգնություն ստանալուց հետո այժմ իրեն լավ է զգում։ Տիկնոջ խոսքով, ամեն օր պաշտպանության նախարարության հետ կապի մեջ են, ինֆորմացիա են ստանում այնտեղից։ «Այժմ նրան Հայաստան վերադարձնելու գործընթացը բանակցությունների փուլում է, այս պահին մեզ ուրախացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ դիվերսիոն խմբի հետ որեւէ կապ չունի»,-ասաց Անահիտը՝ հավելելով, որ անհամբեր սպասում են սկեսրայրի վերադարձին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են Մամիկոն Խոջոյանի ընտանիքի անդամներին, նրանց հետ զրուցել, Մամիկոնի մասին հավելյալ տեղեկություններ իմացել։ «Այժմ էլ Կարմիր խաչի երեւանյան եւ Բաքվի գրասենյակները համախմբված բանակցություններ են տանում Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավորություն ընձեռվի հանդիպել սահմանը հատած քաղաքացու հետ»,-ասաց Ամատունին՝ հավելելով, որ այս պահին ամենակարեւորը քաղաքացու հետ հանդիպում կազմակերպելն է։ Նրա խոսքով, իրենց հարցումներին, թե երբ կարող են հանդիպել Մամիկոնին, Ադրբեջանը լռում է։ «Դեռեւս հստակ պատասխան չեն տվել, դեռ բանակցությունների փուլում է գտնվում»,-ասաց Ամատունին։

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 111 անգամ
 


Այս թեմայով