Գեորգի Ավետիսյանը կոռուպցիոն համաձայնությու՞ն ունի, թե՞ չի տիրապետում իրավիճակին

Հուլիս ամսին լրատվամիջոցներն անդրադարձան այն հարցին, որ Հայաստան է ներմուծվել ցածրորակ, արդյունաբերական վերամշակման համար նախատեսված թռչնամիս և իրացվում է ՀՀ տարածքում։ Այդ հրապարակումներում նշվում էր, որ դրանք իրացվում էին առանց համապատասխան արդյունաբերական վերամշակում անցնելու։ Հուլիսի 21-ին www.med.news.am կայքին տրված պարզաբանման մեջ Կառավարության ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշել էր, որ այդ մսեղիքի ծագումը դեռևս անհայտ է և հայտնի չէ, թե ինչպես է հատել սահմանը։

Հետագայում նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանը էր նշել, որ իրենք խնդիր են դրել գտնել ներմուծողին և դեպքի առթիվ կատարում են ներքին հետաքննություն.«Մենք պետք է գտնենք ներմուծողին։ Թե հատկապես ով պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար, պարզ կդառնա այն բանից հետո, երբ մենք կավարտենք մեր հետաքննությունը»,- ասել էր Ավետիսյանը:
Իսկ արդեն հուլիսի 31-ին Գեորգի Ավետիսյանը հայտնում էր, որ իրենց հայտնի է եղել ներմուծողը: Ավետիսյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ նման բան չի ասել, եւ իրականում ներմուծողի անունն իրեն հայտնի է, եւ ինքն անգամ նրա հետ հանդիպել է:
Իրականում, այս ամենի զավեշտը կայանում էր նրանում, որ սահմանն առանց ՍԱՏՄ հսկիչ կետի համապատասխան մարմնի աշխատողների կողմից սերտիֆիկատի ստուգման՝ անհնար էր, որ նման մեծաքանակ միս հատեր։ Ավելին՝ ՍԱՏՄ կողմից առաջին օրերին տրված պարզաբանումները, ըստ էության, կարելի էր ընկալել մի շարք հանգամանքներ քողարկելու և թաքցնելու փորձ։
Ի՞նչ էին ցանկանում թաքցնել՝ մասնագիտական ոչ կոմպետենտությու՞նը, թե կոռուպցիո՞ն բնույթի ռիսկը՝ մնում է անհայտ։ Բայց այս պատմության մեջ մի բան որոշակի է։ Դեռևս անցած տարի, նույն Գեորգի Ավետիսյանը ռուսական «Միր» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում վատաբանում էր Սննդամթերքի անվտանգության ծառայությունը և աշխատակիցներին՝ նշելով, թե վարակված թռչնամիս է ներկրվում Հայաստան, որովհետև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում աշխատողները, հիմնականում` ղեկավարությունը ոչ կոմպետենտ են և մասնագետ չեն ։ Իսկ հիմա նույն ծառայության աշխատողներին վատաբանողը՝ ինքն է ցույց տալիս հարցի վերաբերյալ ոչ կոմպետենտ մոտեցում։

Վերջիվերջո, մինչ օրս հանրությանը անհայտ է, թե ո՞վ, ինչպե՞ս և ու՞մ պաշտոնական թողտվության կամ անգործության արդյունքում է ներմուծել և իրացնում մեծաքանակ «արդյունաբերական վերամշակման համար» մակնշմամբ միս։
Այստեղ կարծում ենք անելիք ունեն իրավապահ մարմինները՝ նրանք պետք է պարզեն, թե ինչի՞ արդյունքում է մարդկանց առողջության և կյանքի համար վտանգավոր միսը հայտնվել վաճառասեղաններին: Այս ամենի պատճառը կարող է լինել երկու բան՝ կամ ՍԱՏՄ աշխատակիցները չեն տիրապետում իրավիճակին և կառույցում բացիթողի վիճակ է, կամ ՍԱՏՄ աշխատակիցները, այս դեպքում տեսչության պետ Ավետիսյանը կոռուպցիոն համաձայնության մեջ է ներմուծողի հետ, որի վերաբերյալ ՍԱՏՄ պետի հակասող հայտարարությունները առնվազն արժանահավատ չեն:

Այս թեմայով