Home » ՄԱՄՈՒԼ » Գեներալ Մանվել Գրիգորյանի հարստությունը

Գեներալ Մանվել Գրիգորյանի հարստությունը

manvel-grigoryan+++«Նախորդ տարի գեներալ Մանվել Գրիգորյանի դրամական միջոցներն ավելացել են 142 մլն դրամով կամ մոտ 300 հազար դոլարով: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:

142 մլն դրամ եկամուտը հանրապետական պատգամավորն ստացել է իր բիզնեսներից: Նա գրանցված 4 բիզնես ունի, որոնց բաժնետոմսերը հասնում են մոտ 200 մլն դրամի: Գեներալի հարստացումը շատ արագ է տեղի ունենում: 2012 թվականին, երբ նա ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձավ, ուներ ընդամենը 105 միլիոնի չափով դրամական միջոցներ: Այս տարի նա նաև հայտարարգրել էր 9 ավտոմեքենա, որից 7-ը՝ խորհրդային ԳԱԶ մակնիշի: Խոսքը, սակայն, մեր օրերում մեծ արժեք ունեցող մեքենաների մասին է՝ «Չայկա», «Պոբեդա» մակնիշների:

Դեռ ամիսներ առաջ «Հետքը» հրապարակել էր, որ գեներալ Մանվել Գրիգորյանը միայն Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սեփականության կամ օգտագործման իրավունքով 35 անուն անշարժ գույք ունի: Դրանք հողամասեր են, շենք-շինություններ՝ առանձնատներ, գործարաններ, բենզա և գազալցակայաններ, հանգստյան գոտիներ, ռեստորան, շոգեբաղնիք, ձիարշավարան, խաղողի և ծիրանի այգիներ, ջերմոցային տնտեսություններ, շուկա, անասնագոմեր, խոտհարքներ, ցորենի դաշտեր և այլն:

Նրա սեփականությունն է Արշալույս գյուղի նախկին կենցաղի տունը, փոստային բաժանմունքի շենքը, նախկին ամբուլատորիայի շենքը, իսկ մանկապարտեզը սեփականաշնորհել և քանդել է՝ օգտագործելով միայն հողատարածքը: Ի դեպ, այս ամբողջը նա սեփականաշնորհել է 90-ականներին»,- գրում է թերթը

Դիտվել է 182 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy