Գեղարքունիքի մարզպետը հանձնարարել է վերահսկել դիզվառելիքի, պարարտանյութերի բաշխումը

Հունիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի աշխատակազմի հետ:

 
Մարզպետը նշել է, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում էական ձեռքբերումներ ունենալու համար հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր միջոցները:
 
«Բոլոր ուղղություններում պետք է կատարենք ամենօրյա հետևողական աշխատանք, առանց անտեսելու որևէ հիմնախնդիր: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք շոշափելի հաջողություններ արձանագրել»- նշել է Կարեն Բոթոյանը:
 
Քննարկման ընթացքում գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել մարզի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ հատկացվող դիզվառելիքի, պարարտանյութերի բաշխման, մարզում իրականացվող բնապահպանական նշանակության ծրագրերի վերահսկման ուղղությամբ:
 
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը հանձնարարվել է ներկայացնել մարզի վերջին 4 տարիների սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերլուծությունը և հետևողական աշխատանք տանել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը բարելավելու ուղղությամբ:
 
Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվել է մշտական ուշադրության կենտրոնում պահել բնակչությանը մատուցվող առողջապահական և սոցիալական ծառայությունների մատուցման որակը: Խորհրդակցության ընթացքում տրվել են այլ հանձնարարականներ ևս:
 
«Մենք պետք է վերլուծենք և ընտրենք առաջնահերթություն պահանջող ծրագրերը և հստակեցնենք, թե որտեղից ենք սկսում ու որն ենք համարում ամենառաջնայինը կարճ ժամկետում տեսանելի արդյունքներ գրանցելու համար»-ամփոփել է մարզպետը:
Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով