Գասպարյանը տեղյա՞կ եղել է թմրանյութի բիզնեսից

Օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, ըստ որի Հայաստանում թմրանյութերի բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել եւ հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում հայտնի դարձավ, որ Նարեկ Սարգսյանը Արամի փողոցի բնակարաններից մեկում թաքցրել էր մեծ քանակությամբ թմրանյութ և զենքեր:

Այս պատմության մեջ առանցքային է Արշակ Հակոբյանի հանգամանքը, եթե իրականում նա զբաղվել է թմրանյութերի բիզնեսով: Ի տարբերություն Նարեկ Սարգսյանի` Արշակ Հակոբյանը եղել է պետական պաշտոն զբաղեցնող անձ: Նա իր մասով ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը և լինելով ոստիկանության բարձրաստիճան սպա, ինչպես նաև ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ամենամտերիմ անձն ու թիկնազորի պետը՝ մեծ հարվածի տակ է դնում Հայաստանի հեղինակությունը:

Պարզ է, որ եթե իրականում Արշակ Հակոբյանը զբաղվել է թմրանույթերի բիզնեսով, ապա դրա մասին տեղյակ է եղել նաև Վլադիմիր Գասպարյանը ու եթե հաստատվի այս վարկածը, ապա կստացվի, որ Հայաստանում թմրանյութերի բիզնեսով զբաղվել է հենց ոստիկանությունը: Ու խնդիրը միայն այս երկու անձիք չեն, խնդիրը այն համակարգն է, որի  ղեկավարն է եղել Վլադիմիր Գասպարյանը:

Իհարկե այս պահին դեռ ապացուցված չէ Արշակ Հակոբյանի մասնակցությունը թմրանյութերի բիզնեսին, սակայն դատելով նրա կարողությունից, կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ նա կարող է կապ ունենալ ոչ օրինական որևէ բիզնեսի հետ: Հակառակ դեպքում ինչպես պատկերացնել ոստիկանության գնդապետի, որը վարում է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար արժեցող մեքենա, կամ ինչպես հասկանալ բոլոր այն բիզնեսները, որ կապվում են Արշակ Հակոբյանի և նրա ընտանքի անդամների անվան հետ:

Ամեն դեպքում, Վովա Գասպարյանը պետք է պատասխանի իրավապահների հարցերին, որպեսզի պարզ դառնա, թե նա որքանով է մասնակից եղել իր թիկնազորի պետի կողմից հնարավոր իրականացված ապօրինություններին:

Առնչվող հոդվածներ՝

Վովայի Արշակի նոր անճաշակ բիզնեսը. իրավապահները պետք է զբաղվեն նախկին թիկնապահով

Վովայի Արշակը և Սաշիկի Նարեկը թմրաբիզնեսի բուրգի գլխին

Այս թեմայով