Home » ՄԱՄՈՒԼ » Գայլերը հարձակվել են ու վնասել մարդկանց

Գայլերը հարձակվել են ու վնասել մարդկանց

231579431381985749«Անցնող շաբաթ գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում։ Սակայն, ի տարբերություն նախորդ դեպքերի, գայլերն այս անգամ հարձակվել են գյուղի վրա ու վնասել ոչ թե անասուններին, այլ՝ մարդկանց։

ՙՙՀրապարակ՚՚ թերթը գրում է.

Դեպքը տեղի է ունեցել Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում։ Ականատեսների պատմելով, գայլն ուշ երեկոյան հարձակվել է նախ մի բնակչուհու վրա, կծել ձեռքը, ապա կնոջ գոռգոռոցներից փախուստի է դիմել ու իջել արդեն գյուղի կենտրոն, որտեղ հարձակվել է մեկ այլ բնակչի՝Յուրա Առուշանյանի տան վրա ու սկսել կրծոտել դուռը։ Տանտերը, որոշ ժամանակ անց լսելով շների հաչոցները, դուրս է եկել բակ, որտեղ և արդեն գայլը հարձակվել է նրա վրա։ Յուրան ձեռքի փայտով փորձել է վնասել ու հեռացնել գայլին, սակայն չի հաջողվել, և սկսվել է գայլի ու մարդու կռիվը։ Յուրայի բղավոցները լսելով, օգնության է հասել եղբայրը, ու երկու եղբայր միասին մենամարտի են բռնվել գայլի հետ, որն արդեն հասցրել էր վնասել Յուրայի երկու ձեռքը։ Բահով և ոտքերով եղբայրները սկզբում մի քանի հարված են հասցրել գիշատչին, որն ընկել է՝ տպավորություն թողնելով, թե սատկել է։ Յուրա Առուշանյանին տեղափոխել են հիվանդանոց ու զանգահարել գյուղապետին՝ վերջինիս միջոցով գյուղի որսորդին կատարվածի մասին տեղյակ պահելու և գայլին վերջնականապես վերացնելու համար, սակայն քիչ հետո պարզվել է, որ գայլն իրականում սատկած է ձևացել ու մարդկանց հեռանալուց հետո դիմել է փախուստի։ Երկար որոնումներից հետո վերջապես նրանց հաջողվել է գտնել ու կրակել գայլին՝ կրկին Առուշանյանների տան բակում, որտեղ և գիշատիչը դարանակալել էր։

Մեզ հետ զրույցում կաթնաջուրցիները պատմեցին, որ գյուղում իսկական քաոս է, և բնակիչները, վախեցած լինելով այս դեպքից, երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս, երեխաներն էլ բավականին վախեցած են, մտածում են, որ նույնիսկ վառարանի խողովակներով է գայլը գալու։ Գյուղապետ Արմեն Պապոյանի փոխանցմամբ, գյուղի լուսավորված լինելու փաստն անգամ գայլին չի խանգարել։»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ ՙՙՀրապարակ՚՚ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 16 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy