Գազի պարտքի գաղտնիքը բացահայտված է

old-arg33_701204524-300x213«Այսօր արդեն պարզ է դառնում, որ «ՀայՌուսգազարդը» գազը գնել է ավելի թանկ գնով, բայց վճարել է քիչ։ Այսինքն՝ պարտք է մնացել։ ՊԵԿ մաքսային կոմիտեի տվյալներով՝ Ռուսաստանից գնվող գազը թանկացել է 2011-ի կեսից՝ դառնալով 240 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ Եվ այդ ժամանակվանից ի վեր էլ պարտքը սկսել է մեծանալ։ Ու արդեն իսկ ձեռքի տակ եղած տվյալներով՝ կարելի է հստակ տեսնել, թե ինչպես է ձևավորվել այդ պարտքը։

Այսպես, 2011 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ներմուծվել է 776.5 մլն խմ գազ։ Ու քանի որ 240 դոլարի փոխարեն փաստացի վճարվել է 180 դոլար, կուտակվել է ավելի քան 46.6 միլիոն դոլարի պարտք։ Եվ այդ ողջ ընթացքում՝ դեմքի անվրդով արտահայտությամբ, հայտարարվել է, որ գազի գինը չի փոխվել։ Այսինքն՝ խաբեության հիմքը դրվել է 2011-ի կեսերին։

2012-ը եղել է ամբողջությամբ խաբեության տարի։ Հայտարարվել է, որ գազի գինը 180 դոլար է, այդքան էլ վճարվել է, և արդյունքում կուտակվել է շուրջ 118 միլիոն դոլարի պարտք։

Խաբեությունը շարունակվել է մինչև 2013-ի ապրիլը։ Այս տարվա առաջին եռամսյակում 667.7 միլիոն խմ գազը կրկին գնվել է 240 դոլարով, սակայն վճարվել է 180 դոլար։ Առաջին եռամսյակում կուտակվել է 40 միլիոն դոլարի պարտք։

Ապրիլից սկսած՝ խաբեությունը կանգ է առնում։ Հայտարարվում է, որ գազի գինը սահմանի վրա դառնում է 270 դոլար։ Սակայն, ըստ ամենայնի, «ՀայՌուսգազարդը» շարունակում է վճարել 189 դոլար։ Մնացած մասը պետք է սուբսիդավորվեր կառավարության կողմից, սակայն փաստացի չի սուբսիդավորվել (մարդիկ բանակցում էին)։ Եվ այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում կուտակվել է 49 միլիոն դոլարի պարտք։

Այսինքն՝ 2011-ի ապրիլից մինչև 2013-ի սեպտեմբերը ներառյալ՝ «ՀայՌուսգազարդը» կուտակել է 253 միլիոն դոլարի պարտք։

Եթե սրան էլ գումարենք նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին գնված գազի ծավալները (դրանք դեռ հրապարակված չեն, բայց նախորդ տարիների դինամիկան հաշվի առնելով՝ այն կկազմի մոտ 350-400 մլն խմ), ապա կստանանք, որ «ՀայՌուսգազարդի» պարտքը «Գազպրոմին» այս պահի դրությամբ կազմում է շուրջ 290 միլիոն դոլար»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ  «168 ժամ»՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով