Գազի Հովոյի տղան գյուղացիներից հավաքված միլիոնները փոշիացնում է

Կարեն Կարապետյանը, երբ նշանակվեց վարչապետ, ամենատարբեր պաշտոններին սկսեց նշանակել իր մտերիմներին և այն մարդկանց, որոնք իր հետ աշխատել էին «Գազպրոմ Արմենիա»  ընկերությունում:

2016 թվականին նա իր մտերիմներից մեկի՝ Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) որդու՝ Արթուր Ղազարյանի համար իրար միացրեց  Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ-երը և հանձնեց նրա ղեկավարմանը:

Արթուր Ղազարյանը՝ զբաղեցնելով այս պաշտոնը, սկսեց այն ղեկավարել ինչպես իր հորը պատկանող բազմաթիվ բիզնեսներ: Նախ բազմաթիվ անգամներ մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որ Արթուր Ղազարյանի ղեկավարած ՋՕԸ-ի աշխատակիցները անհիմն ահաբեկում են գյուղացիներին ու կան գյուղեր, որոնք նրա որոշմամբ շաբաթներով զրկվում են ոռոգման ջրից:

Այսօր Politik.am-ը իր էլեկտրոնային փոստին ստացել է նամակ, որում Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ աշխատակից ներկայացող անձը  խոսել է Արթուր Ղազարյանի ոչ այդքան օրինական գործունեության մասին: Նամակում մասնավորապես ասվում է. «Արթուր Ղազարյանը, որը արդեն երկու տարուց ավել  ղեկավարում է Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ հասցրել է իր մի քանի տասնյակ ընկերներին, բարեկամներին և ծանոթներին տեղավորել աշխատանքի ՋՕԸ: Նրա նշանակած անձիք գրեթե որևէ աշխատանք չեն կատարում, բայց ստանում են ամենաբարձր աշխատավարձերը: Իսկ մենք հասարակ մասնագետներս ստանում ենք չնչին աշխատավարձ: Արթուր Ղազարյանը ամեն կերպ անհիմն ուռճացնում է ՋՕԸ-ի աշխատակազմը ու ստացվում է գյուղացիներից հավաքված միլիոնավոր դրամները վատնվում են: Նույն աշխատանքը կարելի է կատարել ավելի փոքր աշխատակազմով և ավելացված դրամական միջոցներով կարելի է ավելի շատ ենթակառուցվածքներ վերակառուցել: Ես դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ աշխատակիցների անունից, որ ազատեն Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ-ն Արթուր Ղազարյանի ղեկավարումից ու նշանակվի մարդ, որը խելացի կղեկավարի կառույցը»,-ասվում է Politik.am-ի խմբագրություն ուղարկված նամակում, որում քաղաքացին ցանկացել է գաղտնի պահել իր անձնական տվյալները:

Այս թեմայով