Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ Հյուսիսային պողոտայում․ ելույթից հետո տեղի ունեցավ «Մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբ

Չի կարելի երևանցիներին բաժանել մասերի՝ խմբերի: Հյուսիսային պողոտայում «Բարգավաճ Հայաստանի» եզրափակիչ քարոզարշավին ելույթ ունենալով՝ հայտարարեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով բեմահարթակ էր բարձրացել սպիտակ հագուստով: Առհասարակ, բոլոր թեկնածուները սպիտակ հագուստով էին:

«Այսօր քարոզարշավի վերջին օրն է, ես առաջին օրը մասնակցեցի Նուբարաշենում՝ երկու խոսք ասացի, որ քարոզարշավի ժամանակ լինեն շատ կոռեկտ և երևանցիներին ներկայացնեն իրենց ծրագրերը, խնդիրներն ու պրոբլեմները: Առանց որևէ մեկի վրա ցեխ շպրտելու, ոչ թե մեկը մյուսին վիրավորի, այլ կարողանա ներկայացնի իր անելիքները: Բայց տեսանք, որ քարոզարշավը տարան «Բարգավաճ Հայաստանի» դեմ, մեր թիմի վրա ցեխ շպրտելով… Պարզ է, մենք ցանկացածին կարանք տանք պատասխան, մենք պատասխանը տվել ենք:

Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել, մենք ամեն ինչ տեսել ենք, պրակտիկորեն, ոչ թե թեորեապես։ Չի կարելի այսօր մեր երևանցիներին բաժանել մասերի՝ խմբերի»,– հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

«Այսօր միջին երևանցին 6-7 հոգով ապրում է մեկ բնակարանում… հեր, մեր, հարս, երեխա, մենք սրա մասին պետք է մտածենք, միջին խավը, որ 68 տոկոսն է, 27 տարում բնակարան չի գնել, երեխա է ամուսնացնում,  չգիտի՝ որտեղ բնակվի: Դրա համար պետք է թաղապետարաններից հողեր հատկացվեն, բնակարաններ կառուցվեն: Բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը 270 դոլար է լինելու, այսինքն՝ 65 հազար դրամով, 8-10 տարի վճարելով մարդը կարող է 2 սենյականոց բնակարանի տեր դառնալ։ Որ ասում եմ՝ իմ խոսքը գործ է, որևիցե մեկը չի կարող ասել՝ ասաց, չարեց»:

Նա նկատեց, որ իրենց ցուցակի առաջին համարը Նաիրա Զոհրաբյանն է, վերջինը՝ Վահե Էնֆիաջյանը, կթերանա Նաիրա Զոհրաբյանը՝ կանի Էնֆիաջյանը, Պետրոս Ղազարյանը: Այսինքն՝ կա թիմ, որը պետք է հասկանա, որ եթե ուշադիր չլինի երևանցու հանդեպ, ապա իր տեղը մշտական չէ:

Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո ԲՀԿ հանրահավաքն ամփոփվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով:

Այս թեմայով