Գագիկ Խաչատրյանի հարցը լուրջ է

DDF7C340-DDFE-4152-BCB2-ED08E1070F9E_mw1024_n_sՊԵԿ գործունեության վերաբերյալ ՄԻՊ 2013թ. զեկույցում ասվում է, որ ստվերային գործունեության վերաբերյալ ՊԵԿ-ն անցած տարի ուսումնասիրել է 225 դեպք, որոնցից միայն 25-ով են հարուցվել քրեական գործեր: «Տնտեսության ստվերայնությունը պայմանավորող հիմնական գործոնները համակարգի ոչ արդյունավետ աշխատանքն է»: Բացի այդ, ՄԻՊ-ն արձանագրում է, որ հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները զբաղվել են նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ: Ավելին, ՊԵԿ-ը չափազանց մեծ քանակի` 5712 հարկային արգելանքի որոշումներ է կայացրել գործարարների նկատմամբ, ընդ որում` առանց սպառելու սահմանափակման այլ միջոցները, օրինակ` տույժեր, կրկնապատկվող տույժեր: Ընդ որում, գործարարների գույքի եւ ամբողջ դրամական միջոցների վրա դրված արգելանքը զգալիորեն գերազանցել է հարկային պարտքի չափը, ինչը լուրջ խոչընդոտներ է առաջացրել ձեռնարկատերերի համար` ընդհուպ մինչեւ ամբողջ ձեռնարկատիրական գործունեության խափանումը:

ՄԻՊ-ը բացահայտել է նաեւ, որ օրենսդրական բացի հետեւանքով ՊԵԿ-ին տրվել է հայեցողություն՝ տուգանքը կիրառել ոչ միայն խախտումը կատարելու, այլեւ այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Ինչից օգտվելով՝ ՊԵԿ-ը մի դեպքում մարդկանց ենթարկել է պատասխանատվության, մյուս դեպքում՝ ոչ: Ի դեպ, այս հարցի վերաբերյալ Պաշտպանը դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որի կապակցությամբ դատարանի նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին:

ՄԻՊ-ը նաեւ մի շարք դեպքեր է արձանագրել, երբ ՊԵԿ-ը նույն արարքի համար գործարարներին ենթարկել է ե՛ւ վարչական, ե՛ւ հարկային պատասխանատվության՝ խախտելով նույն արարքի համար կրկին չպատժվելու Սահմանադրության սկզբունքը: Պաշտպանի գրասենյակը խախտումներ է արձանագրել նաեւ նոր հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդրման գործընթացում: Ինչ վերաբերում է մաքսային ոլորտին, ապա, ինչպես գրված է ՄԻՊ զեկույցում. «ՊԵԿ-ը չի ներկայացրել որեւէ մատչելի փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինեն ապրանքների եւ մեքենաների մաքսային արժեքները»: Դրա համար յուրաքանչյուրի համար ՊԵԿ-ում յուրովի գին է գործում:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

 


Այս թեմայով