Բռնի ուժ չի եղել, տեսանյութերը նայեք. Գոռ Վարդանյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ ինքը որևէ բռնություն չի կիրառել ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ:

«Եթե ամբողջ տեսանյութը տեսել եք, ավագանու անդամները ոչ ճիշտ պահելակերպ են դրսևորել. բավական տհաճ հոտ էր, և շատ շատերի մոտ դահլիճում սրտխառնոց առաջացավ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե դա թույլ է տալիս, որ ուժ կիրառեք, Գոռ Վարդանյանը պատասխանեց, թե ինքը ուժ չի կիրառել:

«Ես պարզապես խնդրել եմ և օգնել, որ դուրս գա դահլիճից: Բռնի ուժ չի եղել, տեսանյութերը նայեք»,- ասաց նա:

Վարդանյանն արդարացավ, թե նորմալ է արդյոք, որ թունավոր նյութերը բերել և տարածել էին դահլիճում:

«Ես ճիշտ չեմ համարում կանանց վրա ուժ կիրառելը, բայց այս պարագայում իմ արած բոլոր քայլերը և այն մարդկանց, ովքեր միջնորդել են, ուղղակի նպաստել են այդ մարդկանց դահլիճից հեռացնելուն»,-ասաց նա:

Գոռ Վարդանյանը շարունակեց պնդել, որ չի ապտակել և չի էլ տեսել, թե որևէ մեկը ապտակել է:

«Այո՛, հանել եմ դուրս ու ճիշտ եմ արել»,- ասաց քաղաքապետի խորհրդականը:

Այս թեմայով