Բունդեսթագի պատգամավորները հաճույքով են աշխատում Հայաստանից եկած կրթաթոշակակիրների հետ

Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի 2014 թ. հարցազրուցային ընտրափուլի վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն. ծրագրի մասնակիցների ընտրությունը կկատարվի մոտակա օրերին: Հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Բունդեսթագի անդամ Վոլֆգանգ Բյորնզենը (Բյոնստրուպ) նշեց, որ ծրագիրն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր ունեն հետաքրքրություն ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների նկատմամբ:

arm138134038296Բանախոսն, իբրև դրական երևույթ, նշեց, որ կրթաթոշակակիրների շրջանում մեծ է կանանց ուժը: «Բունդեսթագի պատգամավորները հաճույքով են աշխատում Հայաստանից եկած կրթաթոշակակիրների հետ, քանի որ իմ գործընկերները նաև այդ անձանց միջոցով ավելի շատ բան են իմանում հենց այդ երկրների մասին: Կրթաթոշակակիրները նաև հիանալի դեսպաններ են հանդիսանում, որոնք ներկայացնում են իրենց երկիրը»,- ասաց Բյորնզենը՝ նկատելով, որ սեփական երկրի գովազդի շնորհիվ գերմանական հանրությունն ավելի դրական կողմից է ծանոթանում Հայաստանին:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ, նրան հրավիրել Հայաստան: Բյորնզենը համոզմունք հայտնեց, որ կթաթոշակը հանդիսանում է յուրօրինակ կամուրջ խորհրդարանական համագործակցության համար: Նա նշեց, որ իրենք ուշադիր հետևում են նախկին կրթաթոշակակիրների կարիերային: ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ իրենց համար այս կրթաթոշակները հետաքրքիր են մի պարզ պատճառով. «Իհարկե, մենք շատ կրթաթոշակներ ենք տրամադրում, բայց սա բոլորովին այլ կատեգորիա է, խոսքը խորհրդարանական ավանդույթների, պառլամենտարիզմի մասին է»:

Վոլֆգանգ Բյորնզենը հոկտեմբերի 9-ին և 10-ին Երևանում է՝ Հայաստանից Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակին հավակնող երիտասարդների ընտրությանը մասնակցելու նպատակով: Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի շրջանակում 28 երկրի ընդհանուր թվով 120 կրթաթոշակառու Գերմանիայի Բունդեսթագի լիարժեք կրթաթոշակով 2014 թ. մարտի 3-ից մինչև 2014 թ. հուլիսի 31-ը հնարավորություն կստանան ծանոթանալու Գերմանիայի խորհրդարանական համակարգին:

Կրթաթոշակակիրներն աշխատում են Բունդեսթագի որևէ պատգամավորի գրասենյակում, միաժամանակ գրանցվում Բեռլինի համալսարաններից որևէ մեկում` ուսանողի կարգավիճակով մասնակցելու դասախոսությունների և ուսումնական այլ ձևաչափերի: Ծրագիրն անցկացվում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքո և բեռլինյան երեք համալսարանների հետ համագործակցությամբ: Բունդեսթագը ստանձնում է ճամփորդական, կացության և ապահովագրական բոլոր ծախսերը` ներառյալ ամսական կրթաթոշակը: Ամեն տարի դեկտեմբերից Երևանում Գերմանիայի դեսպանությունն ընդունում է Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի ծրագրի մասնակցության հայտեր:

 


Այս թեմայով