Բուդաղյանները վճռական են տրամադրված

194588Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է Վերաքննիչ դատարան` բողոքարկելով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության  դատարանի որոշումը` կասեցնելու գործի քննությունը, մինչեւ քննիչը կներկայացնի գործին առնչվող բոլոր նյութերը: Այս մասին այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

«Ես արդեն ասել եմ` ինչ պայմաններում են անցել նախաքննությունը: Դատարանում բողոքարկելով քննիչի գործողությունները` հույս ունեինք, որ արդարարադատություն կիրականացվի, սակայն այս 4 ամիսների ընթացքում մենք տեսանք, որ դժվար է դատարանից արդարադատություն սպասել հատկապես այն դեպքում, որ այդ մարդիկ հովանավորություն են վայելում»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Հայկ Ալումյանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով քննիչի երեք որոշումները: Նրանք բողոքարկել են քննիչի երկու որոշումները, որոնք վերաբերում էին Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն: Երրորդ որոշումը, որը նրանք բողոքարկել են, վերաբերում էր մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն: Դատարանը կասեցրեց բողոքի քննությունը:

Բուդաղյանների փաստաբանի խոսքով` քննիչը սակայն ցանկություն չունի գործի բոլոր նյութերը ներկայացնել. «Դատավորը կասեցնում է, փոխարենը քննիչից պահանջի, որն արդեն 4 ամիս է` հրաժարվում է դա անել: Դատարանը ձախողեց մեր բողոքի քննությունը»:

Լրագրողների հարցին, թե Բուդաղյաններն ինչ են պատրաստվում անել այս իրավիճակում, Ալումյանը պատասխանեց. «Հույս ունեինք արդարության հասնել ներպետական մակարդակով, բայց չստացվեց: Պատրաստվում ենք դիմել Վճռաբեկ դատարան, որից հետո էլ հնարավոր է Եվրադատարան: Առաջիկայում շատ քայլեր ունենք, որոնց մասին դեռ չեմ ցանկանում խոսել: Առնվազն 3 մարդ մեղավոր է ու պետք է պատասխան տա»:

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով