Home » ՄԱՄՈՒԼ » Բողոքը կամ մահվան դեպքը դեռ չի նշանակում բժշկի մեղք. առողջապահության նախարար

Բողոքը կամ մահվան դեպքը դեռ չի նշանակում բժշկի մեղք. առողջապահության նախարար

b«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռ չէր մարել հուլիսի 27-ին հղի Մերի Մարգարյանի մահվան դեպքի շուրջ բարձրացված աղմուկը, լսվեց մայրական մահացության հերթական բոթը: Օգոստոսի 4-ին 23-ամյա հղի Ջուլիետա Գասպարյանը մահացավ, ով ծանր վիճակում Գյումրիից տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա հուլիսի 29-ին «Էրեբունի» ԲԿ, որտեղ էլ մահացել էր:

Ինչի՞ հետեւանք են վերջին ողբերգական դեպքերը, եւ արդյոք արդար քննություն կլինի՞ ու մեղավորները կպատժվե՞ն: Թեմայի շուրջ երեկ զրուցեցինք առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Նշենք, որ սա այս տարվա մայրական մահացության հինգերորդ դեպքն է:

«23-ամյա կնոջ մասին է խոսքը՝ 25 շաբաթական հղիությամբ, որը ունեցել է սրտի լուրջ խնդիրներ եւ իրեն հակացուցված է եղել հղիությունը: Մեզ հասած տեղեկություններով՝ հարազատները պնդում են, որ ինքը քաջատեղյակ է եղել այդ հարցերից, որ հղիությունը զուգակցվում է կյանքի բարձր ռիսկերի հետ, եւ չնայած դրան… մայրական սխրանքը, ցավոք, ավարտվեց ողբերգությամբ»,- ասաց նախարարը:

Մեր հարցին՝ եթե ժամանակին բժիշկները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեին, արդյո՞ք չէր հաջողվի փրկել կնոջ կյանքը, առավել եւս, որ նա ի սկզբանե ռիսկային վիճակում է եղել, Մուրադյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է հղիության իրավունքը, եթե խոսենք վերարտադրողական տարիքի կանանց մասին, եթե նա քաջատեղյակ է այդ ռիսկերի մասին եւ որոշում է կայացնում, որեւէ մեկը չի կարող այդ գործընթացին խառնվել: Ըստ հարազատների՝ այդ հարցը քննարկվել է, նա վաղուց տառապում է սրտի հիվանդություններով, եւ ըստ մեր բժիշկների՝ սրտային անբավարարության ծանր վիճակի էր հասել, եւ ցավոք սրտի, չհաջողվեց եւ հղիությունը շարունակել, եւ առավել եւս կյանքը փրկել: Վիճակը վատանալուն պես կեսարյան հատում են ձեռնարկել եւ կարողացել են կազմակերպել այդ ամենը, չնայած ժամանակին համապատասխան բուժօգնությանը՝ կյանքը փրկել չի հաջողվել»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ նման դեպքը զգուշացում պիտի լինի այն կանանց համար, ովքեր ունեն նման խնդիրներ ու տեղեկացված լինելով՝ դիմում են ռիսկերի, եւ այդ շեմը ոմանց չի հաջողվում հաղթահարել:

«Որեւիցե միջոցառում նախատեսված չէ, որ կնոջը արգելեն հղիանալ, այլ հարց է, որ նա իրազեկված եւ տեղեկացված չէ ռիսկերի մասին եւ նման որոշում է կայացրել»,- նշեց առողջապահության նախարարը՝ հավելելով, որ ի սկզբանե հակացուցված է եղել հղիությունը: Այսինքն՝ ի՞նչ է ենթադրում սա, չե՞ն պատժվելու բժիշկները: «Բողոքն ու մահվան դեպքը դեռ չեն նշանակում բժշկի մեղք, ինչպես նաեւ բողոքի բացակայությունը եւ գոհունակությունը դեռ չեն նշանակում որակյալ բուժօգնություն: Սա միանշանակ մոտեցում է այսօր, եւ մենք փորձում ենք այս մոտեցումը իրավական տեխնիկայի միջոցով, չափագրման հնարավորության միջոցով հաշվառելի անել»,- պատասխանեց առողջապահության նախարարը:

Կարո՞ղ եք վստահեցնել, որ եւ՛ Մերի Մարգարյանի, եւ՛ Ջուլիետա Գասպարյանի մահվան պատճառներն ամբողջությամբ կբացահայտվեն եւ մեղավորները կպատժվեն՝ հարցրեցինք նախարարին: «Եթե մեղավորներ կան, եթե մեղքի բաժինը հաստատվի, ես համոզված եմ, որ իրավապահ մարմինները կանեն ամենը, որ օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն մեղավորները: Ամբողջ խնդիրն այն է, որ պետք չի միանշանակ գնահատել, որ պետք է անպայման լինեն մեղավորներ, ես կարծում եմ, որ քննարկումները հուզական դաշտից դուրս պետք է լինեն, ու պետք է լինեն վերլուծություններ, փորձաքննություններ, որոնք թույլ կտան հստակեցնել: Քննչական մարմինների աշխատանքն է, եւ մենք չենք կարող խառնվել այսօր»,- մանրամասնեց Մուրադյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 71 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy