Բոլորս դուրս ենք գալիս փողոց

709605Սիրելի´ հայրենակիցներ,

«Ժառանգություն» կուսակցությունը` իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, հայտարարել է, որ դեմ է Սերժ Սարգսյանի նախաձեռնած` իբրև թե «Սահմանադրական բարեփոխումներին», որի գլխավոր նպատակը մեր երկրում կուսակցապետության ստեղծումն է` Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ և ենթակա կայսերապաշտական ընկերակցությանը:

Ինչպես իր ասուլիսում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը` «Թունավոր ծառից բարի պտուղ չի կարող գալ: Այս իշխանությունը` պարոն Սարգսյանից սկսած, չունի իրավակարգ վիճակ, լեգիտիմություն ընդհանրապես, պետական հանցագործությամբ գողացվել է ժողովրդի քվեն, խախտվել է Սահմանադրությունը: Այդ վարչակարգը, որը խախտում է Սահմանադրությունը, չի կարող ներկայացնել երազանքային սահմանադրություն և ներկայացնել, թե դա նպաստ կունենա Հայաստանի Հանրապետության և ժողովրդի համար: Այս սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն ծխածածկույթի ներքո, խորհրդարանական կառավարման անցնելու քողի տակ ոչ միայն մի հոգու իշխանությունը երկարացնել, այլև երկնել կուսակցապետություն »:

«Ժառանգություն» կուսակցության «Ոչ»-ը վերաբերում է ոչ միայն ներկայացված նախագծին, այլև Սերժ Սարգսյանի և նրա խմբավորման նոր իշխանազավթմանը, քաղաքական դաշտը լիովին ձևախեղելու ակնհայտ փորձերին, անկախ պետականությունը գաղութային տարածքի վերածելու պարտադրանքին, հայ մարդու և ընտանիքի նոր գաղթին, զոռբայության և հանցագործությունների անպատժելիությանը, Հայաստանի պարտքային բեռի ավելացմանը:

Երբ 2013 թվականի նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց միասնական թեկնածուի առաջադրմամբ հաղթանակ տանել ընտրակեղծիքների և իշխող համակարգի դեմ, քաղաքական ուժերից որևէ մեկը չաջակցեց «Ժառանգության» ղեկավարի հորդորին: Այսօր գրեթե այդ բոլոր միավորներն արդեն սատարում են Սերժ Սարգսյանի նոր իշխանավարման նախագիծը: Հետևաբար` հաճախորդներին լավ ճանաչում է ոչ միայն Սերժ Սարգսյանը,  այլ նաև` մեր ժողովուրդը:

Այսօր մեր քաղաքացիները փողոցներում և հրապարակներում ըմբոստանում են ոչ միայն անարդարությունների և իշխանության նորանոր շորթումների դեմ, այլ նաև` այս հնացած, ապաքաղաքական, անսկզբունքային քաղաքական համակարգը փոխելու, ազգային ծրագրերով առաջնորդվող պետականամետ դաշտ ձևավորելու համար: Հայաստանի լայն հանրությունը և, իհարկե, «Ժառանգությունը», պայքարում են և գերխնդիր ունեն օր առաջ ազատվելու «թունավոր ծառից», ստեղծելու անցումային կառավարություն, Հայաստանն ու Արցախը դարձնելու իրավական ու քաղաքական անկախ միություն, որն արդյունավետորեն կդիմակայի բոլոր մարտահրավերներին և կկենսակոչի հայկական տեսլականը:

1995 թվականին կեղծիքներով ընդունված և 2005 թվականին կեղծիքներով փոփոխված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամեն օր ոտնահարվել է օրվա  իշխանությունների կողմից, ոտնահարվել է բացահայտ և ի հօգուտ միայն իշխանության և նրա սպասարկուների: Հետևաբար` օրակարգային է ոչ թե Սահմանադրության իբրև թե բարեփոխումը, այլ` ամբողջական իշխանափոխությունը և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Ազգային ժողովում ներկայացված բոլոր ուժերը կողմ էին արտահայտվում Եվրամիության հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրի ստորագրմանը: Սակայն Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը անդամակցելու մասին հայտարարությունից հետո այդ ուժերը սկսեցին միասնաբար գովերգել 170 միլիոնանոց շուկային անդամակցելու դրախտային առավելությունները, սկսեցին վկայակոչել մեր անվտանգության խնդիրները և միասնաբար կողմ քվեարկեցին Եվրասիական տնտեսական միությանը բռնակցվելուն:

Անցել է ընդամենը երկու տարի, և ձեր ու Սերժ Սարգսյանի գովերգած այդ 170 միլիոնանոց շուկան ավելի արագ տեմպերով սկսեց աղքատացնել Հայաստանի քաղաքացիներին, արտագաղթն ավելի մեծացավ, իսկ անվտանգության ապահովումը բոլորիս աչքի առջև է` Ադրբեջանն ամեն օր հրետակոծում և ռմբակոծում է Հայաստանի սահմանները, ինչի հետևանքով զոհվում կամ վիրավորվում  են մեր զինվորներն ու սահմանամերձ համայնքների բնակիչները: Մեր արտաքին սահմանը պահպանող ռուսական զորամասի ժամկետային զինծառայողի կողմից Գյումրիում մեկ գիշերում եղեռնի զոհ է դառնում յոթ հոգանոց հայ ընտանիքը, և մինչ օրս Հայաստանի Հանրապետության արդարադատության ձեռքերը չեն հասել եղեռնագործներին:

Իշխանություններն ու քաղաքական ուժերն այլևս չեն խոսում Եվրասիական տնտեսական միությանը միանալու առավելությունների մասին, որովհետև խոսելու և արդարանալու ոչինչ չունեն: Եվ հիմա էլ անցել են Սահմանադրական բարեփոխումները գովերգելուն` հիմա էլ դրա հետ կապելով մեր երկրի պայծառ ապագան:

Սիրելի հայրենակիցներ,

Վերջերս կարդացի մեծ քաղաքական հարթակի վետերաններից մեկի` Շիմոն Պերեսի խոսքերը, որը նա վերջերս` տարեց հասակում հայտարարեց ամբիոնից և պետք է դրանք ցիտեմ.

«Մենք երազում էինք մեր հողի մասին, սակայն հողը, որ ստացանք, երազանք չէր: Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, անապատ՝ հարավում, քարեր: Պետք էր ընտրել մոծակների ու քարերի միջև: Այնտեղ երկու լիճ կար՝ մեկը՝ մեռյալ, մյուսն էլ չորանում էր: Կար հայտնի գետը, սակայն այնտեղ էլ ջուր չկար: Այսինքն, ջուր ընդհանրապես չկար: Բնական ռեսուրսներ նույնպես չկային: Այն ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արևելքում երկու տեսակի երկրներ կան՝ նավթային ու սուրբ: Մերը բացարձակ սուրբ էր, որովհետև ընդհանրապես ոչինչ չկար: Մենք միայնակ էինք: Մենք չունեինք կրոնակից եղբայրներ, լեզվակից քույրեր, պատմական հարևաններ: Այս ամենը տեղի էր ունենում Հոլոքոսթից հետո: Մենք գնացինք այնտեղ ու չգիտեինք ինչ անել», ասում է Պերեսը եւ շարունակում. «Մենք բոլորս գիտնականներ դարձանք: Իսրայելում յուրաքանչյուր ֆերմեր փնտրում էր, թե ինչպես գյուղատնտեսություն զարգացնել առանց ջրի ու հողի: Դա բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված առաջին գյուղատնտեսությունն էր»:

Իրապես, սիրելի´ հայրենակիցներ, մեր հողը սուրբ է, մենք ունենք ինչ-որ չափով նաև պատմական` հավանաբար նաև դաշնակից բարեկամներ և կարող ենք այսօր` համաշխարհային այս դժվարին պայմաններում, բանակցել և ունենալ մեր սուրբ հողում ծաղկող բարեկեցիկ հասարակություն, մինչդեռ մենք այդ գործով չենք զբաղված, մենք զբաղված ենք ուղղակի մի խումբ անձանց պաշտոնավորումը երկարաձգելու գործով:

Ի՞նչ ենք ասելու մենք՝ դառնալով, օրինակ, Շիմոն Պերեսի տարիքին, երբ մի հարթակ լինի, որտեղ մենք պետք է հայտարարությամբ հանդես գանք, որևէ մեկը այստեղ նստած ի՞նչ է ասելու, մենք ի՞նչ հայրենիք ենք ընտրել և ի՞նչ ենք թողել մեր սերունդներին: Մեր հողը, սիրելի´ հայրենակիցներ, ես կարծում եմ սուրբ է և այս սուրբ հողի համար բոլորս պարտավոր ենք պայքար տանել: Հենց այս սուրբ հողը պաշտպանելու և սուրբ հողում մեր ազգահավաքը կազմակերպելու համար մենք պետք է դուրս գանք Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած գործընթացի դեմ՝ տապալենք և´ Սերժ Սարգսյանին, և´ Հանրապետական կուսակցությունը, և´ այս «բարեփոխումները»: Եվ պետք է անցնենք ոչ միայն Մելիք Ադամյան փողոցով, պետք է անցնենք Նալբանդյան փողոցով, պետք է այնտեղ քանդենք այնտեղի բաստիլը ներկայիս ժամանակակից ԱԱԾ, ԿԳԲ և պետք է հիմնադրենք մեր ազատ, անկախ,  միացյալ Հայաստանը:

Բոլորս դուրս ենք գալիս փողոց:

«Ժառանգությունը» դեմ է քվեարկելու այս օրինագծին:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

 


Այս թեմայով