Բնապահպանության նախարարը կայցելի սպանված գայլի գերեզմանին. կենդանասերները հուզված են

11108948_1507295836185774_722156001499337001_nPolitik.am: Բնապահպաններ VS Բնապահպանության նախարար:

Մի քանի օր է ինչ սոցիալական կայքերում բուռն քննարկումներ է սկսվել Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում գյուղացիների կողմից գայլի ոչնչացման հարցի շուրջ: Մի կողմ  թողնենք բոլոր հուզական հարցերը և առաջ քաշենք իրավական կարգավորումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը վարչական վարույթի հիմք է հանդիսանում:

Օրենքի 92-րդ հոդվածում ասվում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:

Վարչական վարույթն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից և հայտնաբերված վարչական ակտը իրականացվում է ոստիկանության միջոցով: Այսինքն, եթե պարզվում է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է եղել, ապա վարույթ է սկսվում և հնարավոր պատասխանատուներին գտնում է ոստիկանությունն ու օրենքով ենթարկում պատասխանատվության:

Այս օրերին բազմաթիվ բնապահպաններ հնարավորինս  բարձրաձայնեցին սպանված գայլի հարցը, իսկ գյուղացիներին աջակցող քաղաքացիները բարձրացրին գիշատիչներից պաշտպանված չլինելու խնդիրը: Երկու կողմն էլ միմյանց հասցեին արտահայտվեցին գռեհիկ և փողոցային բառապաշարով և այս ամենը բնապահպանության նախարարության աչքի առաջ: Նախարարության մասով նշենք, որ իրենք կարող են մամուլի հրապարակումները վերցնել և վարույթ սկսել, իսկ բնապահպանները կարող են չսպասել ԲՆ-ին և իրենք դիմեն վարույթ սկսելու հայտով, բայց ինչպես տեսնում ենք երկու կողմն էլ ընտրել են բոլորովին այլ տարբերակ, իսկ սայլը տեղից չի շարժվում:

Կարելի է կարծել, որ  կենդանասերները սպասում են, որ Բնապահպանության նախարարն անձամբ այցելի սատկած կենդանու գերեզմանին, ծաղիկներ դնի, խնկարկի և հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհի հիշատակին՝ ասի.«Դատապարտում եմ այս վայրագությունը և  կոչ եմ անում բոլոր գայլերին նույնն էլ իրենք անեն, որպեսզի կանխարգելենք մյուս գայլերի սպանդը»: Այնպիսի տպավորություն է, որ այս ամենին էլ շատ հուզված սպասում են բազմաթիվ կենդանասերներ:

Վաչագան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է 1,263 անգամ
 


Այս թեմայով