Բնակիչն ընդդեմ քաղաքապետի

ՀրապարակԵրեկ Վանաձորի մեր թղթակիցն առավոտյան հաղորդեց, որ Ավագանու արտահերթ նիստ են նշանակել, բայց լրագրողներին տեղեկատվություն չեն տալիս այդ մասին՝ ոչ քաղաքապետարանի կայքում են ինֆորմացիա տեղադրել, ոչ իրենց հարցերին են պատասխանում: Լրագրողների բոլոր ջանքերը՝ մասնակցել նիստին կամ գոնե տեղեկատվություն ստանալ, թե ինչ են պատրաստվում գաղտնիության պայմաններում քննարկել Ավագանու անդամները, ապարդյուն են անցել: Նիստն սկսելուն պես Ավագանու ՀՀԿ-ական անդամ Վահե Դոխոյանն առաջարկել է հարցը քննարկել առանց լրագրողների, առաջարկն Ավագանու անդամների կողմից ընդունվել է գրեթե միաձայն, դեմ են քվեարկել միայն երկու անդամ՝ Արամ Խաչատրյանը եւ Խորեն Վարդանյանը: Օրենքը խախտելով, համայնքի ավագանին փակ-գաղտնի նիստ է հրավիրել: Սակայն պարզվում է, որ դռնփակ նիստում ոչ թե քաղաքապետի անձնական ինտիմ կյանքի մանրամասներն են քննարկվել, այլ քաղաքին եւ նրա բյուջեին առնչվող կարեւոր հարց: Բանն այն է, որ Վանաձորի բնակիչներից մեկը, ում  ուրիշ 11 ընտանիքների հետ միասին Վանաձորի քաղաքապետարանը պարտավորվել էր բնակարան տալ քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում, դիմել է դատարան ու պահանջել, որ իրեն բնակարանի փոխարեն հատկացնեն գումարը՝ 15 մլն դրամ (շուրջ 40 հազար ԱՄՆ դոլար): Դատարանը հայցը բավարարել է, ստացվում է՝ քաղաքապետարանը պետք է նշված բնակչին համայնքի բյուջեից մեծ գումար վճարի: Վանաձորի ավագանին էլ նիստի ժամանակ քննարկել է այս հարցը եւ որոշել վճռաբեկ բողոք ներկայացնել ու բողոքարկել դատարանի վճիռը: Կհարցնեք, թե ինչու է այս հասարակ հարցը գաղտնի պահվում լրագրողներից: Իսկ գաղտնիքն այն է, որ այդ էլիտար շենքը, ըստ վանաձորցիների, կառուցում է Վանաձորի երկարամյա քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

 

 

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով