Բյուջեն ընդունվեց

աժ նիստ8Ազգային ժողովն այսօր հաստատեց 2016թ.-ի պետական բյուջեն: Կողմ քվեարկեցին խորհրդարանական խմբակցություններից 2-ը:

Նախ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցի պետական բյուջեի քվեարկությանը:

«Մեր գնահատականը բյուջեին հայտնի է, աննախադեպ համեստ ցուցանիշներ են: Հարկավոր է կառավարումը որակապես բարձրացնել և քանի որ լինելու են հերոսաբար դեմ ու կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունն ուղակի չի քվեարկի»,- նշեց Վարդանյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին:

«Ես կարծում եմ այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ, մենք ոչ թե հերոսաբար, այլ՝ սթափ, պրագմատիկ քվեարկում ենք կողմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ծափահարությունների ներքո ընդունեց պետական բյուջեի նախագիծը:

Նշենք, որ 2016թ.-ի պետական բյուջեին կողմ քվեարկեցին ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները քվեարկեցին դեմ, դեմ քվեարկեցին նաև ՀԱԿ-ից ներկա երկու պատգամավորները՝ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, քանի որ ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորները բոյկոտում են նիստն ու չեն մասնակցում, իսկ ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը:

Դիտվել է 36 անգամ
 


Այս թեմայով